«Քաղաքացիները պետք է իրազեկվեն անցանկալի հյուրի անհավասարակշիռ պահվածքի դեպքում իրենց անելիքի մասին»․ Էլինար Վարդանյան
66
Այսօր, 16:48
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուղեցույց՝ «արտակարգ հյուրի» դեպքում քաղաքացու պահվածքի. Հանրային վայրերում անցանկալի հյուրի հանդիպման և վերջինիս անհավասարակշիռ պահվածքի դեպքում քաղաքացիները պետք է իրազեկվեն իրենց անելիքի մասին։ Երեկվա մետրոպոլիտենի միջադեպն առաջինը չէր, և մեծ է իմ անհանգստությունը, որ վերջինը չէ: Հետևաբար պետք է մշակել քաղաքացու պահվածքի ուղեցույց։ Իրավիճակ Պատկերացրեք, դուք երթևեկում եք տրանսպորտով, և ձեզ, ձեռքում քարտեզ թափահարելով, մոտենում է ինչ-որ մեկը և փորձում է ինչ-որ բան համոզել: Դուք նրան հակադարձում եք և առաջարկում եք հեռու մնալ ձեզանից։ Նա չի հասկանում. համառորեն, հիստերիկ շարժումներով, մատ թափ տալով, քարտեզը թափահարելով, գոռգոռալով, ինչ-որ բաներ պնդելով, շարունակում է ներխուժել ձեր անձնական տարածք: Անհրաժեշտ է՝ 1. Պահպանել սառնասրտությունը: Թեև բարդ է, գրեթե՝ անհնար։ Հատկապես, երբ դու երթևեկում ես անչափահաս երեխայիդ հետ: Երբ երեխադ տեսնում է, թե ինչպես է մի տղամարդ գոռալով հարձակվել իր մոր վրա: Տեսնում է, թե ինչպես են մարդիկ լուռ նայում, նկարում, իսկ տղամարդը շարունակում է ոչ ադեկվատ ագրեսիան: Տեսնում է տղամարդու շքախումբը լուռ կանգնած է, չի խառնում: Եվ երբ ասում ես «դադարեցրեք, ես երեխայի հետ եմ», իսկ տղամարդը շարունակում է ինքնամոռաց գոռալ և պնդել, որ պետք է շարունակի իր «զուգահեռ իրականության» թեզը, բարդ է, բայց պետք է պահպանել սառնասրտությունը: 2. Չտրվել սադրանքի: Երեկ երևի թե յուրաքանչյուրը մտածել է, իսկ շատերը նեղ շրջապատում քննարկել են՝ «իսկ ես ինչպե՞ս կվարվեի» հարցը: Բազմաթիվ տարբերակներից հետո, պատասխանը մեկն է՝ չտրվել սադրանքի: Որովհետև քարտեզը ձեռքին գորգոռացողը շատ արագ քո անձնական տարածք ներխուժողից, քեզ անհանգստություն պատճառողից կվերածվի իրավիճակի զոհի: Բազմաթիվ քրեական գործերը կփաստեն խոսքերս: 3. Զանգահարել ոստիկանություն: Ի վերջո իրավական պետությունում ոտնձգությունից՝ ֆիզիկական, թե հոգեկան, պաշտպանող կառույցը ոստիկանությունն է: Նրանց պատասխանատվությունը կրկնակի է, երբ խոսքը գնում է երեխային հոգեկան տառապանք պատճառելու և երեխայի շահերի մասին: Զանգահարեք ոստիկանություն, բացատրեք, որ մի մարդ, հավանաբար ոչ ադեկվատ վիճակում, անհանգստացնում է ձեզ, ներխուժել է ձեր անձնական տարածք, և դուք ունեք իրենց օգնության կարիքը: 4. Մինչև ոստիկանության ժամանումը (կամ չժամանումը) որևէ դեպքում ՉՄՏՆԵԼ երկխոսության մեջ։ Չբարևել, չնայել վրան, չշփվել։ Ձեր վարքագծով ցույց տվեք, որ ձեր միջև պատ է։ 5.Ցույց չտալ անհանգստության նշաններ, խուճապի չմատնվել, ցույց տալ, որ դուք եք իրավիճակի տերը, դուք եք քաղաքացին, այդ դեպքում ագրեսիան մեղմվում է: 6. Երբեք հույս չդնել, որ իրեն ուղեկցողները կփորձեն սաստել կամ զսպել ագրեսիվ վարքագիծը։ 7. Հույս չդնել, որ անծանոթ քաղաքացիները կմիջամտեն և կսաստեն նրան։ Սա Հայաստանն է։ 8. Հաջորդ ժամերին՝ նրա նախարարներն ու նախարարուհիները, թիմակիցները շտապելու են հայտարարել, որ կիսում են նրա ասածները, պահվածքի ողջ հմայքը։ Չնեղվեք. հանրության ճնշող մեծամասնությունը ձեր կողքին է»։