«Ղարաբաղյան շարժումը պայքար էր ոչ միայն Արցախի ազատագրման, այլև արժանապատվության, արդարության համար». Լևոն Զուրաբյան
64
Այսօր, 21:24
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր ելույթ ունեցա Արցախի ներկայացուցչությունում Ղարաբաղյան շարժման 38-ամյակին նվիրված միջոցառմանը: Ահա ելույթիս հիմնական դրույթները. Ղարաբաղյան շարժումը երբեք չի եղել պայքար միայն Արցախի ազատագրման համար: Այն եղել է պայքար ազատության, արժանապատվության, ինքնորոշման համար, արդարության և օրենքի համար: Շատ լավ եմ հիշում 1988 թվականի փետրվարյան օրերը, երբ մենք, արբեցած ազատության օդից, դուրս եկանք փողոցներ և արարեցինք պատմությունը: Դա զարթոնք էր, որը թույլ տվեց մեզ դառնալ միասնական ազգային օրգանիզմ, վերցնել սեփական ճակատագիրը մեր ձեռքը: Սկսվեց որպես Ղարաբաղյան շարժում, բայց շատ արագ ընդլայնեց օրակարգը, ընդգրկելով ժողովրդավարությունը, Հայաստանի անկախությունը, տնտեսական ազատականությունը: Հիմա հետին թվով փորձում են վարկաբեկել Շարժումը, ասել, որ իբր այն դրեց մեր այսօրվա աղետների հիմքը: Դա սուտ է: Այն դրեց մեր ազգային մեծ զարթոնքի, հաղթանակի, զոհի հոգեբանության հաղթահարման և պետականության վերստեղծման հիմքը: Այսօրվա աղետների հիմքը պետք է այլ տեղ փնտրել՝ իշխող վերնախավերի առավելապաշտությունը, կոռուպցիան, այնուհետև, «ազգակործան պատուհասի» դեպքում՝ նաև տգիտությունը, հիվանդագին ինքնասիրահարվածությունը, կառավարման անկարողությունը, եթե ոչ դավաճանությունը, ինչի հավաքական արդյունքում մերժվեց ձեռք բերված հաղթանակի հիման վրա խաղաղ կարգավորումը: Իսկ հիմա մեկ այլ ծայրահեղության մեջ ենք ընկել՝ հանձնվելու, հնազանդվելու, սեփական օրակարգից հրաժարվելու, օտարի կամքին և օրակարգին ենթարկվելու «իմաստնության»: Վախենում են անգամ Արցախի անունը տալուց, հետապնդում եկեղեցին, կասկածի տակ դնում մեր պատմությունն ու ինքնությունը: Մեր խորին համոզումը՝ հայ ժողովրդի փրկությունը այդ երկու կործանարար ծայրահեղությունների ճանկերից դուրս գալու մեջ է: Հնարավոր է համատեղել գործնական խաղաղասիրությունն ու ազգային ոգին՝ մեկը մյուսի հաշվին ձեռք բերելն է աղետաբեր: Ամենալավ դասը այդ առումով՝ 1988 թվականի փետրվարի Զարթոնքն է, որն իր առջև դրեց իրատեսական նպատակներ և վերադարձրեց մեզ պետությունը և ինքնապաշտպանության կարողությունը»: