Երևան`   +1 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 փետրվարի, 2026 թ.

«Հայաստանը պետք է խոսի իր շահի լեզվով և գործի հավասարության դիրքից». Արման Բաբաջանյան

56
Երեկ, 22:28
«Հայաստանը պետք է խոսի իր շահի լեզվով և գործի հավասարության դիրքից». Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պաշտոնական այցը Հայաստան պարզապես արարողակարգային կանգառ չէ․ դա ազդակ է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները մտնում են ռազմավարական նոր փուլ։ Այս այցով Վաշինգտոնը տարածաշրջանի երկրներին հասկացնում է, որ այս ռեգիոնը դիտարկում է որպես մեկ անվտանգության ու զարգացման համակարգ, որտեղ խաղաղությունը պետք է ամրապնդվի ենթակառուցվածքներով, ներդրումներով, տեխնոլոգիաներով և կանխատեսելի կանոններով։
Օրակարգը կենտրոնացած է չորս ուղղության վրա, և այստեղ Հայաստանի համար չափանիշը մեկն է՝ ամեն քայլը պետք է մեծացնի մեր սուբյեկտայնությունը, տնտեսական դիմադրողականությունը և անվտանգության իրական մակարդակը։
TRIPP նախաձեռնության դեպքում խոսքը 43 կմ երկաթուղային ու ճանապարհային կապի մասին է, որը Հայաստանի տարածքով նոր լոգիստիկ հնարավորություններ է բացում՝ Կենտրոնական Ասիա–Եվրոպա ուղղությամբ։ Բայց նախագծի արժեքը միայն քարտեզը չէ․ արժեքը կառավարումն է՝ իրավազորության ամբողջականությունը Հայաստանի ձեռքում, անվտանգության մեխանիզմները, ֆինանսավորման թափանցիկությունը, շինարարության փուլերի հստակ ժամանակացույցը և հավասար խաղի կանոնները։ Եթե այս պայմանները պահվում են, TRIPP-ը կարող է լինել խաղաղության գործիք՝ տնտեսական շահերով։
Միջուկային համագործակցությունը, ներառյալ 123 համաձայնագրի օրակարգը, հնարավորություն է կառուցելու երկարաժամկետ էներգետիկ անվտանգություն միջուկային չտարածման խիստ պահանջներով և ժամանակակից տեխնոլոգիաներով։ Այստեղ կարևորն այն է, որ Հայաստանը ստանա իրական ընտրություն՝ էներգետիկ բազմազանեցում, ֆինանսավորման կայուն մոդել, անվտանգության խիստ նորմեր և տեղական մասնագետների պատրաստում՝ մինչև 2036թ. հստակ ծրագրով։
Կիսահաղորդիչների և բարձր տեխնոլոգիաների ուղղությամբ մեզ պետք են չափելի արդյունքներ՝ ներդրումներ, աշխատատեղեր, տեխնոլոգիայի փոխանցում, մատակարարման շղթաների անվտանգություն։ Եթե ծրագրերը՝ տվյալների կենտրոնից մինչև գործընկերություններ համաշխարհային ընկերությունների հետ, կառուցվում են հայկական էկոհամակարգն ուժեղացնելու տրամաբանությամբ, Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային AI հաբ։
Կրիտիկական հանքանյութերի թեման ևս կարևոր է․ պղինձ, մոլիբդեն, հնարավոր REE և լիթիում՝ սա հնարավորություն է միլիարդավոր ներդրումների համար, բայց միայն այն դեպքում, երբ պետությունն ունի հստակ կանոններ՝ բնապահպանական պատասխանատվություն, տեղական ավելացված արժեք, հարկային թափանցիկ ու կանխատեսելի համակարգ և աշխարհաքաղաքական ռիսկերի սառը կառավարում։
ԱՄՆ փոխնախագահի այս այցը կարող է բացել նոր հորիզոններ, միայն մեկ դեպքում՝ Հայաստանը պետք է խոսի իր շահի դիրքերից, լեզվով և գործի հավասարության դիրքից։ Այդ է նաև ԱՄՆ-ի մոտեցումը՝ գործընկերություն, ոչ թե հովանավորություն։ Մեզ պետք են համագործակցություններ, որոնք ամրացնում են մեր պետությունը, մեր ինստիտուտները և մեր ընտրության ազատությունը՝ ոչ թե ստեղծում նոր կախվածություն»։

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան