«Էս մարդիկ առաջին հերթին իրենք իրենց են դավաճանել»․ Մարգարիտ Եսայան
91
Երեկ, 11:30
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ Առաքելական Եկեղեցու դեմ դուրս եկած արդեն վայ-հոգևորականները վստահաբար, շատ խղճուկ վիճակում են, նրանց հոգիները ահավոր վայրիվերումների մեջ են, իրենք իրենց ձեռքով սև գիծ են քաշել իրենց ապրած կյանքի, կարդացած գրքերի, տարիների աղոթքի և հավատի վրա։ Ես չգիտեմ ինչով և ինչպես են էդ մարդկանց ստիպել, համոզել, պարտադրել, վախեցրել, կաշառել, դեպքերը կարող են յուրաքանչյուրի մասով տարբեր լինել, բայց մեկ բան անառարկելի է՝ էդ մարդիկ իրենք իրենց դրեցին ամենախղճուկ վիճակում այսօր և հավիտյանս հավիտենից։ Շատերն են ասում, թե այս ամենի մեջ կա դրականը՝ բացահայտումներ, պարզություն, թե՝ ով-ով է, ով՝ որտեղ։ Թերևս, գուցե և կա, բայց կա նաև սարսափելին, չէ որ այս տիրադավ դարձած 13 անձինք մինչ այս դավաճանական հանգրվանը ապրել են, երեխաներ են կնքել, երիտասարդների են պսակել, տներ են օրհնել, Սուրբ Ծնունդ և Սուրբ Խաչ են փառաբանել, Ամենայն Հայոց Կաթողիկոսի աջն են համբուրել։ Ու այսօր, այս խառնակ ժամանակներում մի դավաճան-սրիկայի դուդուկի տակ այսօր կուչ եկած իրենք իրենց են դավաճանել։ Ինքդ քեզ դավաճանելը ամենասարսափելի դավաճանություններից է։ Այո, էս մարդիկ առաջին հերթին իրենք իրենց են դավաճանել, իսկ դա ամենամեծ, ամենաանմարդկային պատիժն է, որ կարող էին ստանալ Աստծուց։ Էս մարդիկ առաջին հերթին իրենց հոգու առաջ են մեղանչել, իրենց ապրածի, իրենց հավատի, իրենց սրբությունների։ Եւ, եթե անգամ օրերից մի օր նրանք որոշեն ապաշխարել, իսկ այդ օրը գալու է, ու կրկին դառնան դեպի եկեղեցի և հավատ, իրենց հոգու մեջ էս մեծ ամոթի, էս ինքնադավաճանության վերքը մնալու է բաց, որպես ցավ, մրմուռ և մեծ խարան։ Նաև՝ այն աշխարհում, չէ որ նրանք ևս հոգի ունեն տալու, Աստծու առաջ կանգնելու և հաշիվ տալու։ Սա էլ կանցնի, Հայ Առաքելական եկեղեցին և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կան ու կմնան, իսկ էս մարդիկ անգամ թողություն հայցելու ուժ չեն ունենա, որովհետւ անչափելի է նրանց այս քայլը։ Ու, երբ մի օր նրանք «տուն դառնան», իրենց տան դուռը փակ կտեսնեն, համարձակություն չեն ունենա թակել իրենց տան դուռը, նայել իրենց հարազատի, ընկերոջ, իրենց հարեւանի, հոր-մոր, սանիկի, զավակի աչքերին։ Ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը, մարդ կա՝ մնում է իր հավատի, սիրո, ապրած կյանքի մեջ, մարդ էլ կա դառնում է ոչինչ։ Եւ, այդպես է ոչ միայն հոգևոր հայրերի, այս տիրադավ նախկին հոգևոր հայրերի, այլեւ՝ քաղաքականության մեջ, պարզ ընկերային հարաբերություններում, հարեւան-բարեկամ-ընկեր-քավոր-սանիկ հարաբերություններում, առհասարկ՝ ՄԱՐԴԿԱՆՑ աշխարհում»։