Երևան`   -3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 22 դեկտեմբերի, 2025 թ.

«Առաջարկվող նախագիծն անիմաստ է դարձնում ապագա ներդրումները արևայինի մեջ». Արթուր Դանիելյան

97
Այսօր, 19:30
«Առաջարկվող նախագիծն անիմաստ է դարձնում ապագա ներդրումները արևայինի մեջ». Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես և ակնկալում էի՝ ՀԷՑ-ի մեջ մտնելուն պես կառավարությունը որոշում է մտնել քաղաքացու գրպանը: Էներգետիկ ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է կառավարության օրակարգ մտցնել Հայաստանում տեղադրված մասնավոր արևային պանելների մասնակի պետականացման նախագիծ: Խոսքը խոշոր արևային կայանների մասին չէ, այլ փոքր հիմնարկներին ու անհատներին պատկանող պանելների մասին է: Ըստ քննարկվող ծրագրի՝ արևային պանելների արտադրած հոսանքն այսուհետ հաշվարկվելու է ոչ թե տարեկան կտրվածքով, այլ՝ ամսական:
Ներկա պահին այն տնային տնտեսությունը, որը տարվա ընթացքում միջինում սպառում է օրական 40կվտ էներգիա, կարող է այն ինքնուրույն արտադրելու համար գնել կամ վարկով տեղադրել 10կվտ-նոց պանել, որն ամռան օրերին 65կվտ կարտադրի, իսկ ձմռանը 20կվտ ու տարեկան կտրվածքով մոտ 16,000կվտ լույս կտա ու կփակի ողջ տարվա պահանջարկը՝ ձմռանն օգտագործելով ամռանն արտադրված էներգիան: Ներդրումն էլ մոտ 3 տարում իրեն կարդարացնի:
Մինչդեռ առաջարկվող նախագծով օգոստոսին արտադրված էներգիան հնարավոր չի լինի օգտագործել նույնիսկ սեպտեմբերին: Ամռանը գոյացած ավելցուկը, որը տարվա կտրվածքով կազմելու է ողջ արտադրածի մոտ 35%-ը, կվերցնի ՀԷՑ-ն ու թանկով կծախի այն նույն տնային տնտեսության վրա ձմռանը: Սա անիմաստ է դարձնում ոչ միայն ապագա ներդրումները արևայինի մեջ ու փաստացի խլում է մարդկանց ներկա սեփականությունը:
Փաստացի մարդն իր գրպանից գնում է արևային պանել, իսկ պետությունը գալիս ու ասում է, որ քանի որ իրենք չեն կարող ՀԷՑ-ը արդյունավետ կառավարել, այդ քաղաքացու գնած պանելի արտադրած հոսանքը խլելու են, որպեսզի հետո թանկով ծախեն այդ նույն քաղաքացու վրա: Ստացվում է, որ էդ 10կվտ-ը դնելու համար մարդը մոտ երկու միլիոն դրամ է ծախսել, որի մեկ երրորդը իշխանությունները խլում են, որտև... դե խի՞ չէ որ...
Գռոտեսկ սրիկայութան այս արշավը կարելի է շարունակել և տրանսպորտի նախարարությանն առաջարկել մարդկանց սեփական ավտոմեքենաներն ամեն ամիս 10 օրով առգրավել ու օգտագործել՝ որպես պադավատ: Թող ոչ մի ՔՊ-ական առանց պադավատ չմնա:
Կարելի է մարդկանց տների ամեն 3-րդ քառակուսի մետրը խլել ու ծախել, օրինակ՝ ադրբեջանցիքի վրա: Ըտուց էլ լավ փող կգա, համ էլ դե խաղաղություն... բարեկամություն, բան...
Այս ամենի ողբերգական զավեշտը կայանում նրանում է, որ այս նախաձեռնության հիմնական զոհը դառանալու է այն 70%-ը, որը, ըստ բոլոր հարցումների, չի ուզում զբաղվել քաղաքականությամբ, չի գնում ընտրությունների, փորձում է գլուխը կախ իր կենցաղը վարել, մի ինչ-որ բարիք ստեղծել: Չքավոր մասսան արևային պանելի փող չունի, նրանք, սոցապ նախարարության գերին լինելով, ընտրելու են ՔՊ-ին: Հարուստներին էլ սա չի անդրադառնա՝ խոշոր կայանների սակագներն այլ կերպ են հաշվարկվում, դրանց սեփականատերերն էլ քաղաքական պրոցեսներին մասնակցում են՝ կապիտալի պահպանման գերակայությունից ելնելով: Վերոհիշյալ բանդիտիզմի թիրախը հենց այն միջին խավն է, որը չի ուզում քաղաքականությամբ զբաղվել, հետևաբար, ժանրի կանոնների համաձայն, քաղաքականությունը զբաղվում է նրանցով»:

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան