«4-րդ կարգի, անասնակեր ցորեն են մերմուծում, փոխանակ Հայաստանի անմշակ դաշտերում ցորեն ցանեն»․ Ոսկան Սարգսյան
81
Այսօր, 16:48
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ղազախստանից 4-րդ կարգի, անասնակեր ցորեն են մերմուծում, փոխանակ Հայաստանի անմշակ դաշտերում ցորեն ցանեն․ Տավուշի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերը ըստ հողային հաշվեկշռի 110 665,6 հեկտար են, որից վարելահող՝ 25 485,3 հեկտար, բազմամյա տնկարկներ՝ 1981,8 հեկտար, այդ թվում՝ խաղողի այգիներ՝1195,3 հեկտար, պտղատու այգիներ՝ 786,5 հեկտար, խոտհարքներ՝ 9400,6 հեկտար, արոտավայրեր՝ 63 հազար 006 հեկտար, այլ հողատարածքներ՝ 10 հազար 791,8 հեկտար: Մարզի գյուղատնտեսական նշանակության հողերից քիչ մասն է ոռոգելի, ավելի քիչ են առավել արդյունավետ եղանակով ոռոգվող հողերը, կաթիլային եդանակով ոռոգվող հողատարածքները; Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ 2025թ․ հոկտեմբերի 21-ի դրությամբ Տավուշի մարզի ոռոգելի տարածքները կազմում է 3710հա, իսկ կաթիլային ոռոգվող տարածքները՝ 130հա: Մարզի չոռոգվող հողերի մի մասում աշնանացան ցորեն են մշակում։ Աշունն անցավ, աշնանացան ցորենի ցանքի լավագույն ժամանակը՝ նույնպես։ Տավուշի մարզպետարանից աշնանացանի մասին հետևյալ, թարմացված տեղեկատվությունն եմ ստացել․«Համայնքապետարանների կողմից ներկայացված տեղեկատվությունների համաձայն՝ 2025թ․ դեկտեմբերի 1-ի դրությամբ օպերատիվ տվյալներով մարզում կատարվել է 1749,0 հա աշնանացան, այդ թվում՝ Բերդ համայնքում՝ 777,2 հա, Նոյեմբերյան համայնքում՝ 671,6 հա, Իջևան համայնքում՝ 300,2 հա։ Աշնանացանի աշխատանքները շարունակվում են։ 2010 թվականի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին Տավուշի մարզպետի հաշվետվության մեջ նշված է, որ 2009 թվականին Տավուշի մարզում կատարվել է 5534 հա աշնանացան։ 2009թվականի համեմատ 2025-ին աշնանացանի տվյալները ավելի քան 3 անգամ նվազել են։ Սա այն դեպքում, որ ներկայումս գործում է աշնանացան ցորենի մշակության աջակցության պետական ծրագիր, երբ մշակվող յուրաքանչյուր հեկտարի հաշվով ցորեն մշակող ֆերմերին պետական բյուջեից 80 հազար դրամի չափով դրամական աջակցություն է ցուցաբերվում։ Գյուղացիները ցորեն քիչ են մշակում, որովետև այդ հողերը չեն պարարտացվում, մկնանման կրծողների, այլ վնասատուների դեմ քիմիական պայքար չի մղվում, ցորենից քիչ բերք է ստացվում, որը աշնանացանի մշակությունը դարձնում է քիչ եկամտաբեր։ Ղազախստանից 4-րդ կարգի, անասնակեր ցորեն են մերմուծում, փոխանակ Հայաստանի անմշակ դաշտերում ցորեն ցանեն, ցորենի մշակությունը եկամտաբեր դարձնեն»։