«Երևանի ու Աստանայի համաձայնությանը Բաքուն արձագանքել է՝ ելնելով սեփական հաշվարկներից»․ Վահե Դավթյան
203
Չորեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2025 թ., 04:06
Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին Բաքվի որոշումն ունի շատ հստակ աշխարհաքաղաքական չափում: Իր որոշմամբ՝ Բաքուն ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում հնարավոր է ձևավորել դիվերսիֆիկացված, իսկ ավելի ճիշտ՝ ռուսական ազդեցությունից դուրս գտնվող տրանսպորտային-լոգիստիկ համակարգ: Մասնավորապես, Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երթուղով ցորենի փոխադրումը լիովին տեղավորվում է «Միջին միջանցք» ռազմավարության մեջ, որի առանցքային նպատակն է ձևավորել Ռուսաստանը շրջանցող երթուղի՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա հաղորդակցության ներքո՝ նպատակ, որը երբևէ չի թաքցվել նախագծի շահառուների կողմից: Ինչո՞ւ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից՝ հաշվի առնելով, որ 2024 թ. Հայաստանի հացահատիկի պահանջարկի 99,9%-ը, իսկ ցորենի՝ մոտ 50 %- ը բավարարվել է հենց Ռուսաստանից ներկրումների միջոցով: Նախ՝ Ղազախստանը «Միջին միջանցքի» առանցքային խաղացողներից է, որը հանդես է գալիս որպես Եվրոպա-Կովկաս-Ասիա լոգիստիկայի կարևոր հանգույց: Վերջինս, ինչպես գիտենք, ռուս-իրանա-հնդկական «Հյուսիս-Հարավ» նախաձեռնության գլխավոր անտագոնիստն է: Ս.թ. օգոստոսին Ղազախստանը 5-ամյա դադարից հետո վերակագնեց ցորենի և ալյուրի արտահանումը Ադրբեջան, Վրաստան և Իրան: Հավանաբար, այս ֆոնին Երևանի ու Աստանայի միջև ձեռք է բերվել համաձայնություն ներկրման մասին, ինչին արձագանքել է Բաքուն՝ ելնելով սեփական գեոտնտեսական հաշվարկներից: Այդ հաշվարկներն առավել քան հստակ են՝ հնարավորինս զարկ տալ տարածաշրջանում «Միջին միջանցքի» դիվերսիֆիկացմանը ու դրանով իսկ բարձրացնել սեփական կշիռը Եվրոպայում: Վերջինս տեսնում է Հայաստանը որպես Global Getaway նախաձեռնության մասնակից, այսինքն՝ նույն «Միջին միջանցքի» մաս, որը պատրաստ է Սյունիքով հաղորդակցություն տրամադրել՝ Կասպիից Եվրոպա ածխաջրածինների անխոչընդոտ արտահանման համար («Անդրկասպյան գազամուղ»): Սա, իր հերթին, թույլ կտա Ադրբեջանին կատարել ԵՄ առաջ ստանձնված պարտավորությունները՝ 2027 թ.-ից ի վեր կրկնապատկելու բնական գազի մատակարարումները: PR չափման մեջ այս ամենը ներկայացվելու է որպես նախագիծ, որը կոչված է ապահովելու Հայաստանի տրանսպորտային կապը Եվրոպայի ու Ասիայի հետ: Վատ առիթ չէ նախընտրական քարոզչության համար»: