«Թափառող շների հարցը պահանջում է պետական հստակ քաղաքականություն»․ Մհեր Մելքոնյան
127
Երեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2025 թ., 17:36
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շիրակի մարզում թափառող շների խնդիրը հասել է մտահոգիչ մակարդակի։ Այն վաղուց վերածվել է լուրջ հանրային անվտանգության սպառնալիքի։ Մինչ պետական ու տեղական մարմինները շարունակում են միմյանց վրա բարդել պատասխանատվությունը, իրականությունը մնում է անփոփոխ․ մարզի բնակիչները շարունակում են ապրել մշտական վախի պայմաններում։ Տարիներ շարունակ համայնքները իրենց սուղ բյուջեներից հսկայական գումարներ են ծախսում շների ստերջացման ծրագրերի վրա, սակայն կարելի է արձանագրել՝ այս մոտեցումը գրեթե անօգուտ է։ Թափառող շների թիվը ոչ միայն չի նվազում, այլև տարեցտարի ավելանում է։ Սա հստակ վկայում է՝ մոտեցումը սխալ է, իսկ համակարգը՝ անարդյունավետ։ Վիճակագրությունը խոսում է ինքն իրեն․ միայն 2024 թվականին Շիրակի մարզում թափառող շների հարձակումներից բժշկական հաստատություններ են դիմել 631 քաղաքացի, իսկ 2025 թվականի հունվարից մինչև օգոստոսի 31-ը՝ արդեն 450 քաղաքացի։ Սա լուրջ ահազանգ է: Եթե որևէ բան չփոխվի, այս թվերը տարեցտարի շարունակելու են աճել՝ վտանգելով մեր քաղաքացիների անվտանգությունը: Այս խնդիրը համայնքների մակարդակով լուծելն արդեն անհնար է։ Շիրակի մարզի համայնքները չունեն բավարար ֆինանսական, կառավարչական և տեխնիկական հնարավորություններ։ Թափառող շների հարցը պահանջում է պետական հստակ քաղաքականություն, մասնագիտական մոտեցում և կենտրոնացված ֆինանսավորում։ Պետք է ձևավորվի միասնական պետական ծրագիր՝ - ժամանակակից կացարանների կառուցմամբ, - հաշվառմամբ և սեռազատմամբ, - մշտական վերահսկողությամբ և պատասխանատվությամբ։ Պետությունը պարտավոր է ապահովել իր քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը։ Կառավարությունը այլևս իրավունք չունի աչք փակել այս վտանգի վրա։ Ժամանակն է ընդունել թափառող շների խնդիրը որպես հանրային անվտանգության օրակարգի մաս և հանդես գալ համակարգված, երկարաժամկետ լուծմամբ»: