«Միշտ պետք է զգույշ լինել Ռուսաստանից և հատկապես ԱՄՆ-ից»․ Թաթուլ Հակոբյան
165
Ուրբաթ, 15 օգոստոսի, 2025 թ., 17:30
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իլհամ Ալիևը Վաշինգթոնում ստորագրված փաստաթղթի նախօրեին հայտարարել էր, որ Ադրբեջանից Նախիջևան անցման ընթացքում ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները «չպետք է հայ սահմանապահների կամ որևէ մեկի երեսը տեսնեն»: Նիկոլ Փաշինյանն ու հայ պաշտոնյաները պնդում են, որ, այսպես կոչված Թրամփի անխոչընդոտ ճանապարհին պահպանվելու է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը: Եթե հարցին և հարցերին նայենք ժամանակագրային առումով, ապա կարող ենք տեսնել, որ Ադրբեջանը Հայաստանից պատերազմով, ներխուժումով, ներժուժման սպառնալիքներով և բանակցային սեղանի շուրջ ստացել է այն, ինչ հայտարարել է նախապես: Հակառակը, Հայաստանը զիջել է կամ ստիպված է եղել զիջել շատ բաներ, որոնք հայտարարել է ոչ սակարկելի: Անշուշտ, ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում հնարավոր է համատեղել անհամատեղելին, այն է՝ պահպանել Հայաստանի սուվերենությունը Թրամփի անխոչընդոտ ուղու երկայնքով, բայց նաև այնպես անել, որ ադրբեջանցիները, չհանդիպելով հայ մաքասավորի և սահմանապահի, անցնեն 44 կմ ճանապարհը: Բայց մեր առաջ դեռ այլ հարցեր կան՝ նախքան Թրամփի ուղի մտնելը: Կա նաև մտածելու ժամանակ, քանի որ Ադրբեջանը չի ստորագրելու վերջնական փաստաթուղթը, քանի դեռ Հայաստանի սահմանդրությունը չի փոխվել և վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու թիմը չեն վերընտրվել: Այս վերջին երկու հարցերը ուղղակի կապված են մեկ կապով. մեր Սահմանադրությունը կփոխվի միայն այն դեպքում, եթե Փաշինյանը վերընտրվի, որովհետև այլ ուժ չի գնալու Սահմանադրության փոփոխությանը: Եվ ահա այստեղ է նաև մեծ սպառնալիքը. ի՞նչ կարող է լինել, եթե Հայաստանը հրաժարվի պայմանավորվածություններից: Հնարավո՞ր է նոր պատերազմ և նոր կորուստներ: Կովկասում անվտանգային նախկին համակարգը քանդվում է, իսկ տեղը դեռ նորը չի ստեղծվել: Ու միշտ պետք է զգույշ լինել Ռուսաստանից և հատկապես ԱՄՆ-ից, երբ նրա նախագահը Թրամփի նման մեկն է: Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»: