«Որոշ ժամանակ հետո լինելու է մասշտաբային բախում Հարավային Կովկասում»․ Արտակ Զաքարյան
178
Ուրբաթ, 08 օգոստոսի, 2025 թ., 21:42
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ական «նախարարական» խունտայի ներկայացուցիչները, խաղաղության լոզունգներով կրկին ասպարեզ իջան, որպեսզի փափուկ բարձ դնեն ու նոր դամոկլյան սուր կախեն Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին: Հանուն խաղաղության՝ իշխանափոխություն արին: Չեղավ խաղաղություն: Հանուն խաղաղության՝ 5000-ից ավելի երիտասարդ կյանքեր զոհեցին ու Արցախի մեծ մասը հանձնեցին: Չեղավ խաղաղություն: Հանուն խաղաղության՝ ՀՀ որոշ տարածքներ թողեցին օկուպացիայի տակ: Չեղավ խաղաղություն: Հանուն խաղաղության՝ ամբողջ Արցախը նվիրեցին թշնամուն: Չեղավ խաղաղություն: Հանուն խաղաղության՝ ՀՀ տարածքներից հողեր ու ռազմավարական բարձունքներ տալով ՝ «սահմանազատում» սկսեցին: Չեղավ խաղաղություն: Հանուն խաղաղության Բաքվի բանտերում ապօրինի գերության ուղարկեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Չեղավ խաղաղություն: Հանուն խաղաղության՝ ձերբակալել և կալանավորել են բազմաթիվ ընդդիմադիր գործիչների: Չեղավ խաղաղություն: Հանուն խաղաղության՝ Սյունիքով անցնող ճանապարհները ծառայեցվելու են թուրանական աշխարհի շահերին, իսկ արցախյան հարցը և արցախահայերի վերադարձի իրավունքը վերջնականապես թաղելու են ԵԱՀԿ ՄԽ-ից հրաժարվելով: Խաղաղություն չի լինելու: Հանուն խաղաղության՝ փոխելու են սահմանադրությունը՝ հայ ժողովրդին դարձնելով անդեմ, անինքնասեր ու անհայրենիք զանգված: Խաղաղությունը միևնույն է չի գալու: Փոխարենը՝ որոշ ժամանակ հետո լինելու է մասշտաբային բախում Հարավային Կովկասում: Ամենաշատը ես եմ ցանկանում խաղաղություն: Կարող էի որևէ գրառում չանել, որովհետև մինչ այժմ բազմիցս զգուշացրել ենք նախապես և ցավոք իրականություն է դարձել: Իրականություն է դարձել ոչ թե, որ խելացի ենք, այլ, որ գործող կառավարիչներն են շատ ապազգային ու դավադիր: Մի՛ խաբեք մեր միամիտ ու խաղաղասեր ժողովրդին: Հերիք է խաբելով նրա լավագույն զավակների նվիրումն ու հազարամյա հայրենիքը ծառայեցնեք ձեր ապազգային իշխանության տխրահռչակ գոյությանը: Հ.Գ. Ոչ մի տարբերություն չկա ԱՄՆ հարգարժան նախագահ Դոնալդ Թրամփի և երջանկահիշատակ նախագահ Վուդրո Վիլսոնի գլոբալ առաքելությունների միջև: Նրանց ցանկությունները հայ ժողովրդի հանդեպ կարծում եմ անկեղծ ու բարի էին: Ուզում եմ հավատալ, որ բարի են նաև այսօր, բայց... Երևի հասկանում եք ինչ եմ ասում»: