20th Century Studios կինոստուդիան ներկայացրել է «Ավատար» ֆիլմաշարի երրորդ մասի թրեյլերը, որի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 19-ին։ Ավելի վաղ, ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի խոսքերով, «Ավատար. կրակ և մոխիր» ֆիլմը պատմում է Պանդորա մոլորակը բնակեցնող կապտամաշկ Նավի ժողովրդի նոր թշնամիների մասին։ Երրորդ մասում գլխավոր հերոսները բախվում են ոչ միայն մարդկային զավթիչների, այլև նոր հակառակորդների՝ մոխրի ցեղի հետ։ Թրեյլերը ցույց է տալիս, թե ինչպես են Ջեյք Սալլին և նրա կլանը բախվում Վարանգին՝ մոխրի ժողովրդի առաջնորդին, որի դերը խաղում է Ունա Չապլինը։ Վարանգն ունի կրակը կառավարելու ունակություն, նրա բոցերը այրում են Պանդորայի անտառի որոշ հատվածներ։ «Քո աստվածուհին այստեղ իշխանություն չունի», - սպառնալից ասում է նա տեսանյութի վերջում։ «Ավատար» ֆիլմի առաջին մասի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականին։ Ֆիլմը առաջադրվել է Օսկարի 9 անվանակարգերում և հաղթել դրանցից 3-ում։ Արձանիկները շնորհվել են բեմադրող դիզայների և օպերատորի աշխատանքի, ինչպես նաև տեսողական էֆեկտների համար: «Ավատարը» դարձավ կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմը։ Ֆրանչայզի երկրորդ ֆիլմը՝ «Ավատար. ջրի արահետը», նկարահանվել է կատարողականի գրավման տեխնոլոգիայի միջոցով, որի շնորհիվ էկրանին գտնվող դերասանները վերածվել են գրեթե անճանաչելի արարածների: Առաջին անգամ ռեժիսորն օգտագործել է այս տեխնոլոգիան ջրի տակ նկարահանումների ժամանակ: Ֆիլմի բյուջեն գերազանցել է 250 միլիոն դոլարը, իսկ կինովարձույթից ստացված եկամուտները արդեն գերազանցել են 2 միլիարդ դոլարը: 2023 թվականին ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի՝ հատուկ էֆեկտների համար։ Չորրորդ և հինգերորդ մասերի թողարկումը նախատեսված է 2029 և 2031 թվականներին: