«Փաշինյանի արկածախնդրության վերջին արարը». Սուրեն Սուրենյանց
127
Երկուշաբթի, 07 հուլիսի, 2025 թ., 00:42
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Փաշինյանի արկածախնդրության վերջին արարը Ըստ որոշ միջազգային փորձագիտական աղբյուրների, վերջին ամիսներին շրջանառվում է ԱՄՆ-ի կողմից առաջարկված մի մոդել, որը կոչված է լուծելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև կապի հաստատման հարցը: Վաշինգթոնը հանդես է եկել այն առաջարկով, ըստ որի՝ կապը Ադրբեջանի և Նախիջևանի միջև կարող է իրականացվել Հայաստանի տարածքով, սակայն՝ առանց էքստերիտորիալ իրավասության։ Այդ ճանապարհի տեխնիկական վերահսկողությունը պետք է վստահվի ոչ թե որևէ պետության, այլ չեզոք, մասնավոր կամ միջազգային հեղինակություն ունեցող լոգիստիկ ընկերության, օրինակ՝ ամերիկյան կառույցի։ ԱՄՆ-ի առաջարկը պարզապես տրանսպորտային հարցի լուծում չէ. այն միտված է վերակառուցել տարածաշրջանի ուժային հավասարակշռությունը։ Դրա միջոցով Վաշինգթոնը փորձում է սահմանափակել Ռուսաստանի և Իրանի հնարավոր ազդեցությունը: Թեև այս լուրը Վաշինգթոնի կողմից պաշտոնապես չի հաստատվել, այնուամենայնիվ, կան հիմքեր դրանց արժանահավատությանը հավատալու: Նախ, տակավին մեկ տարի առաջ, ԱՄՆ-ի նախկին վարչակազմի պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենն զբաղված էր այս նախագծի ակտիվ լոբբինգով: Շատ հնարավոր է, որ Թրամփի վարչակազմը որդեգրել է դեմոկրատների այս կուրսը, մանավանդ, որ Արևմուտքը չի կարողանում զսպել Ռուսաստանին Ուկրաինայում և առնվազն դեմ չէր լինի, որ այլ տարածաշրջաններում Մոսկվայի համար «գլխացավանք» ստեղծվի: Մյուս կողմից, տարածվող լուրերի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ի պարզաբանումն ավելի շատ հաստատում է դրանք: Եվ վերջապես, այս համատեքստն ամբողջացնող արձագանք կա Անկարայից: Չնայած Հայաստանն ի սկզբանե դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այն ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրմանը մասնակցելու հարցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ առանց փակագծեր բացելու։ Պակաս կարևոր չէ ներքաղաքական զարգացումների դինամիկան Հայաստանում: Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ձեռնամուխ լինել Հայաստանի ստրատեգիական կողմնորոշման փոփոխության, երկիրը ռուսական ուղեծրից դուրս բերելու վերջին արարին: Դրանով են պայմանավորված նրա վերջին ռեպրեսիաները. իր արկածախնդրությունը «մարսելու» համար՝ նա պետք է վերացնի դիմադրության բոլոր կենտրոնները: Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի համաձայնագիր, որը կբավարարի Բաքվի օրինական պահանջները, ասել է Էրդողանը: Սրանք պատահական խոսքեր չեն. վերը նկարագրված նախագծի պատրոնը Թուրքիան է, որը հայ- ադրբեջանական հնարավոր պայմանավորվածություններով( խաղաղության պայմանագիր, միջանցք) նախադրյալներն է ստեղծում՝ տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման համար: Փաշինյանը, ով հիմա ապավինում է Էրդողանի աջակցությանը, Հայաստանը դուրս կդնի ՀԱՊԿ-ից, կպահանջի ռուսական ռազմաբազայի ու սահմանապահ զորքերի դուրսբերումը Հայաստանից: Փաշինյանը սա կմատուցի «ինքնիշխանականության» օրակարգով, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաշտվելու փաստով, բայց ակնհայտորեն հնարավոր այս զարգացումը կապ չունի ոչ Հայաստանի ինքնիշխանության և ոչ էլ՝ խաղաղության հետ: Հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանը ինչ-որ բալանսավորված լուծումներ կարող էր ակնկալել, եթե ներքին ռեսուրսների մոբիլիզացիա աներ և անվտանգային կոնկրետ համակարգում լիներ: Հիմա, Վաշինգթոնը, Անկարան, Բաքուն Փաշինյանից պահանջում են անել ճիշտ հակառակը, ինչի հետևանքով Հայաստանը ռուսական ուղեծրից հայտնվելու է թուրքական վասալիտետի տակ: Արդյո՞ք ռուսները լուռ կհեռանան, թե՞ հակազդեցություն ցույց կտան: Այս հարցի պատասխանը չունենք, որովհետև դա կախված է գլոբալ մի քանի գործընթացներից՝ ուկրաինական պատերազմ, ռուս- ամերիկյան հարաբերություններ և այլն: Այնուամենայնիվ, եթե ռուսները հեռանան, ապա Հայաստանն արագ վերածվելու է ադրբեջանա- թուրքական ենթապետության: Ի վերջո, Ալիևը տրամադրված չէ խաղաղության: Եթե նա նման ցանկություն ունենար, հայ- ադրբեջանական հակամարտությունը արագ ավարտված կլիներ, առնվազն՝ Ադրբեջանի կողմից Արցախը կլանելուց հետո: Որպեսզի պատկերացնենք, Ռուսաստանի ամբողջական դուրսմղումից հետո ի՞նչ է սպասվում Հայաստանին, կարելի է ևս մեկ անգամ ընթերցել Ալիևի երեկվա ելույթը: Արցախի ամբողջական հայաթափումից երկու տարի էլ չանցած Ալիևն երեկ Ստեփանակերտում հայտարարել է, թե այժմ մեծ կարևորություն է ստանում Հայաստանից արտաքսված արևմտյան ադրբեջանցիների վերադարձը: Ալիևը հիշեցրել է օրեր առաջ Ստամբուլում անցկացված Իսլամական համագործակցության կազմակերպության բանաձևերը, որոնցում Երևանին կոչ էր արվում կատարել Բաքվի պահանջները: «Մենք բարձր ենք գնահատում կազմակերպության նախարարների խորհրդում բոլոր 57 անդամ պետությունների կողմից աջակցվող միաձայն բանաձևի ընդունումը, որը վերահաստատում է Հայաստանից բռնի արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը։ Այս բանաձևի հետ մեկտեղ, ժամանակակից Հայաստանի տարածքից բռնի վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը հաստատվում է նաև Նախարարների խորհրդի նիստից հետո ընդունված «Ստամբուլի հռչակագրով»։ Հռչակագիրը նաև դատապարտում է Հայաստանի հրաժարումը Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ երկխոսություն սկսելուց», - նշել է Ադրբեջանի նախագահը: Ադրբեջանի նախագահը խոսել է նաև ինչ-որ հաշվարկների մասին. - «Հանձնաժողովը, որի կազմում են պետական մարմինների ներկայացուցիչներ և օտարերկրյա փորձագետներ, գնահատել է օկուպացիայի հետևանքով Ադրբեջանին պատճառված վնասը՝ մոտ 150 միլիարդ դոլար»: Արդյո՞ք մեր հասարակությունը կդիմադրի այս սցենարին, թե՞ մենք հույսներս դրել ենք Փաշինյանի քաղաքականությանը ռուսական հակազդեցության վրա, որն, ի դեպ, դարձյալ վտանգավոր սցենար է Հայաստանի համար»: