«Վարչապետի Ֆեյսբուքի ստատուսով քաղաքացու բիզնեսը կարող են ձեռքից վերցնել»․ Արման Թաթոյան
246
Ուրբաթ, 04 հուլիսի, 2025 թ., 22:00
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀԷՑ-ի պետականացման գործընթացը ցույց տվեց, որ Հայաստանում մեկ անձի՝ վարչապետի Ֆեյսբուքի ստատուսով քաղաքացու բիզնեսը կարող են ձեռքից հեշտությամբ վերցնել։ Տեղի ունեցողը բացահայտ ապօրինի գործընթաց է, որին միացավ պետական ամբողջ համակարգը՝ վնասելով է երկրի հեղինակությունն ու ոտնատակ տալով իրավունքը: Եկեղեցուն աջակցելու վերաբերյալ Սամվել Կարապետյանի հայտարարությունից ժամեր անց նրա նկատմամբ հրատապ կարգով հարուցված քրեական հետապնդումը և նրա կալանավորումը, «Տաշիր պիցցա»-ների ցանցում գործունեության կասեցումները, «Տաշիր գրուպ»-ում խուզարկություններն ու մարդկանց ազատությունից զրկելը պետք է դիտարկել մեկ միասնական շղթայի մաս՝ հիմնված Կառավարության ղեկավարի քաղաքական հրահանգի վրա։ Ընդ որում, այս ամենն էլ ուղակցվում էր էլեկտրաէներգիայի ընդհատումները համակարգային դարձնելու և միակողմանիորեն ՀԷՑ-ի վրա բարդելու իշխանության քարոզը։ Դրանից բացի, ամբողջ գործընթացը զուգակցվում է քաղաքացիների Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների կոպիտ խախտումներով. վարչապետի պաշտոն զբաղեցնող ՔՊ ղեկավարն անձամբ տալիս է ՀԷՑ-ի այն աշխատակիցներին պատժելու սպառնալիքներ, որոնք կմասնակցեն Սամվել Կարապետյանի աջակցության համար հավաքներին, թեև ՀԷՑ-ի ղեկավարությունը չի դադարում կրկնել, որ հենց իրենք կպատժեն ՀԷՑ-ի այն աշխատակիցներին, ովքեր մարդկանց կպարտադրեն մասնակցելու հավաքներին։ Ակնհայտ է, որ ՔՊ-ն իրեն դրել է հանուն իրենց կուսակցության գործող ստուգող մարմնի, օպերլիազորի, քննիչի, դատավորի դերում, ինչի արդյունքում էլ Սամվել Կարապետյանն ապօրինի կալանքի տակ է։ Իշխանությունն ամեն օր իր համար փնտրում ու գտնում է նորանոր թիրախներ երկրում ատելությունն ու հասարակության բաժանումն ակտիվ պահելու համար և շարունակում ամենը մատուցել ժողովրդին վերադարձնելու պոպուլիստական լույսի ներքո։ Ապացուցում է, որ Հայաստանում հաստատված է անձնիշխանություն և կուսակցապետություն»։