««Արևային պաթոսը»՝ առանց համակարգային հաշվարկի». Վահե Դավթյան
361
Չորեքշաբթի, 14 մայիսի, 2025 թ., 22:12
Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Արևային պաթոսը»՝ առանց համակարգային հաշվարկի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարեց «Մասրիկ-1» արդյունաբերական արևային էլեկտրակայանի շահագործման թույլտվության մասին։ 55 ՄՎտ հզորությամբ այս կայանը միանում է արդեն գործող 72 կայաններին: Կառուցման փուլում է ևս 47-ը։ Եթե բոլոր նախագծերն ավարտվեն, Հայաստանում կգործի 119 արևային կայան՝ շուրջ 557 ՄՎտ դրվածքային հզորությամբ։ Թվաբանական աճը, սակայն, ինքնին համակարգային որակ չի ապահովում։ Ավելին՝ այս տեմպով արևային հզորությունների ընդլայնումը տեղի է ունենում առանց էներգետիկ ենթահամակարգերի սինխրոնիզացման՝ ստեղծելով ոչ թե կայունություն, այլ ռիսկեր։ Պատահական չէ, որ Իսպանիայում վերջերս տեղի ունեցած խոշոր բլեքաութը ուղղակիորեն պայմանավորված է հենց նմանատիպ անհամակարգ ինտեգրման հետ։ Մոտ 2.2 ԳՎտ արևային հզորություն անսպասելիորեն դուրս է եկել ցանցից՝ ընդամենը վայրկյանների ընթացքում խաթարելով ամբողջ Պիրենեյան էներգահամակարգի աշխատանքը։ Նախնական վերլուծությունները մատնանշում են հենց արևային կայանների անհավասարակշիռ ինտեգրման խնդիրը։ Հայաստանն այս պահին շարժվում է նույն տրամաբանությամբ։ Չկա էլեկտրաէներգիայի պահեստավորման ռազմավարություն, իսկ ավանդական հզորությունների հետ սինխրոնիզացումը գրեթե բացակայում է։ Վերջին տարիներին շարունակ խոսվում է արևային հզորությունների գերհագեցվածության մասին, սակայն լիցենզավորումը շարունակվում է նույն ինտենսիվությամբ։ Արևային էներգետիկայի ինտենսիվ զարգացումն ինքնին խնդրահարույց չէ։ Խնդիրն այն է, երբ այն արվում է առանց տեխնիկական հաշվարկի, առանց շուկայական երկարաժամկետ ռազմավարության։ Առանց տնտեսություն-էներգետիկա կորելացման: Այս պայմաններում «արևային պաթոսը» վերածվում է ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության» աղբյուրի։