«Մեծ Բրիտանիայի պատասխանը՝ Արամ Սարգսյանին»․ Լևոն Զուրաբյան
101
Այսօր, 16:30
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ․ Այն հարցին, թե, խզելով կապերը Ռուսաստանի հետ, ինչպես պետք է կառուցենք մեր տնտեսական համակարգը և հարաբերությունները Արևմուտքի հետ, «արևմտամետների» գլխավոր առաջնորդ Արամ Սարգսյանը փորձել է կոնկրետ պատասխաններ տալ։ Ի թիվս այլ առաջարկների նա գրել է. «Միացյալ Թագավորությանը, որ հիմա եվրոպական համատեքստ է մտնում, պետք է առաջարկենք մեր ջրային ռեսուրսների ամբողջական կառավարումը։ Մենք պետք է դիմենք, համոզենք, բացատրենք, եթե պետք է անգամ բիզնես շահավետության պատվերը ինքներս կազմակերպենք, քանի որ ջուրը կենսական բնական ռեսուրս է, իսկ մենք հիմա ամբողջությամբ նվիրում ենք մեր թշնամուն։» Ցույց տալու համար, թե ինչքան կտրված են նման առաջարկները և նման առաջարկներ անողները իրողությունից, կուզեի ձեր ուշադրությանը ներկայացնել Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության հանրային գլխավոր լրատվական գործակալության՝ Բի֊Բի֊Սի֊ի 2024 թվականի հոկտեմբերի 25-ի հոդվածը՝ այսօր այդ երկրում ջրային ռեսուրսների կառավարման վիճակի մասին։ Այս ծավալուն հոդվածից մենք տեղեկանում ենք, որ. 1. Մեծ Բրիտանիայի ջրային ինդուստրիան և նրա կառավարումը կատարելապես ձախողված է և գտնվում է խորագույն ճգնաժամի մեջ։ 2. 2030-ական թվականներին երկրի բնակչությունն ունենալու է խմելու ջրի դեֆիցիտ։ 3. Նոր տների կառուցումը վտանգված է ջրային մատակարարման խնդիրների պատճառով։ 4. Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի՝ ջրային կառավարման իրականացրած մասնավորեցումը բրիտանական ժողովրդի գլխին բերած ամենամեծ խարդախությունն էր պատմության մեջ։ 5. Մինչև 1980-ականների ջրային ընկերությունների մասնավորեցումը, նրանք ունեցել են 0 պարտք, մինչդեռ այսօր այն կազմում է 60 միլիարդ բրիտանական ֆունտ։ 6. Այդ հսկայական պարտքերն առաջացել են, որովհետև փայատեր ներդրողները հսկայական պարտքեր են վերցրել, որոնք ոչ միայն չեն ներդրել ենթակառուցվածքների պահպանման և զարգացման մեջ, այլ ուղղակի դուրս են գրել իրենց որպես շահաբաժին (դիվիդենդ)։ Այսինքն, մասնավորեցման հետևանքով սեփականատեր դարձած «ներդրողները» հարստացել են, մինչդեռ ջրային համակարգը քայքայվել է և հայտնվել ներկայիս կոլապսային վիճակում։ 7. Մարգարեթ Տեթչերի ստեղծված և այսօր էլ գործող Ofwat պետական կարգավորող մարմինը ամբողջությամբ ձախողել է իր կարգավորիչ գործառույթը։ 8. Այս ամենի պատճառով, եթե անգամ կատարվեն իրավիճակը շտկող բարեփոխումներ, դա կտևի տասնամյակներ և կբերի ջրի գնի հսկայական բարձրացմանը։ Հուսով եմ, այսքանից կարող եք ձեր եզրակացություններն անել մեր «արևմտամետների» առաջարկների որակի և պրոֆեսիոնալիզմի մասին։ Նաև հույս ունեմ, որ Ստյոպա Սաֆարյանը չի մեղադրի Բի-Բի-Սի-ին Հայ Ազգային Կոնգրեսի կողմից ստվերային կառավարման տակ գտնվելու մեղքի մեջ»։