Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 փետրվարի, 2025 թ.

«Ադրբեջանը կստանա իր պահանջածը, իսկ Հայաստանը կունենա լրացուցիչ հանձնված տարածքներ»․ Տիգրան Աբրահամյան

135
Երեքշաբթի, 21 հունվարի, 2025 թ., 18:42
«Ադրբեջանը կստանա իր պահանջածը, իսկ Հայաստանը կունենա լրացուցիչ հանձնված տարածքներ»․ Տիգրան Աբրահամյան

«Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման աշխատանքները վերսկսելու վերաբերյալ՝ Տավուշի մարզից, բոլոր առումներով խնդրահարույց է։ Փաստացի Ադրբեջանական ցանկությունը ձևակերպվեց որպես երկկողմ համաձայնություն, և ՀՀ առաջնահերթությունները հերթական անգամ ստորադասվեցին Ադրբեջանական քմահաճույքներին»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պարզաբանելով, որ խոսքն առաջին հերթին Տավուշի մարզում գտնվող անկլավների մասին է, որոնց հանձնումը, ըստ պատգամավորի, խնդիրներ է առաջացնում և՛ միջազգային իրավունքի, և՛ ՀՀ օրենսդրության, ինչպես նաև մեր երկրի կենսունակության տեսանկյունից

«Հայաստանի իշխանությունը Ադրբեջանական սպառնալիքների ներքո շարունակում է անտեսել դեմարկացիայի կարևոր դրույթներից մեկը՝ բանակցության էլեմենտը, որը ենթադրում է փոխանակում՝ հիմնված կողմերի կենսական շահերի և ենթակառուցվածքների պահպանման վրա։

2024 թվականին Տավուշի ուղղությամբ 4 գյուղերի հանձման ժամանակ, պատճառաբանելով գործընթացը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից չսկսելու մոտեցումը, ՀՀ իշխանությունը նշում էր, որ առաջնահերթությունը հիմնված էր բնակավայրերի հանգամանքի վրա: Եթե դա էր սկզբունքը, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ այդ փուլում չճշգրտվեցին և Հայաստանին չվերադարձվեցին Տավուշի մարզի 32 բնակավայրերի այն օկուպացված տարածքները, որոնք 90-ականների ռազմական գործողությունների ժամանակ հայտնվել էին Ադրբեջանի վերահսկողության տակ: Կամ ինչո՞ւ պրոցեսը զուգահեռ տեղի չունեցավ Ներքին Հանդում, Տեղ գյուղերում, կամ, օրինակ՝ Ջերմուկում: Այն, ինչ սահմանազատման անվան տակ ներկայացնում է Հայաստանի իշխանությունը, ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի պարտադրած զիջում և Ադրբեջանի պատկերացումներով իրականացվող հանձնման պրոցես»,- նշեց Աբրահամյանը՝ ընդծելով՝ Ադրբեջանը կստան այն, ինչ պահանջում է, իսկ Հայաստանը կունենա լրացուցիչ հանձնված տարածքներ։

Պատգամավորի դիտարկմամբ՝ իշխանությունն առաջնորդվում է վաշխառուի տրամաբանությամբ, բարձր տոկոսներով, սակայն մեծ սպառնալիքներով, լավատեսություն է վաճառում մեր հասարակությանը՝ թքած ունենալով երկրի հեռանկարի ու քաղաքացիների անվտանգության վրա։

«Ադրբեջանը կստանա իր պահանջածը, իսկ Հայաստանը կունենա լրացուցիչ հանձնված տարածքներ»․ Տիգրան Աբրահամյան