Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.

«Իմ աչքով եմ տեսել, թե ինչ ավերածությունների են պատրաստ պրոթուրքական ահաբեկիչները»․ Վարուժան Գեղամյան

145
Շաբաթ, 30 նոյեմբերի, 2024 թ., 14:06
«Իմ աչքով եմ տեսել, թե ինչ ավերածությունների են պատրաստ պրոթուրքական ահաբեկիչները»․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրիայի հյուսիսում նորից թեժ պատերազմ է։
Ընդամենը երեք օրում ահաբեկիչները, որոնց աջակցում են Թուրքիայից, խախտել են ռազմաճակատի գիծը և ներթափանցել ռազմավարական նշանակություն ունեցող Հալեպի նահանգ։
Ինչ է հայտնի այս պահին.
▪️Ահաբեկիչները գրավել են առնվազն Հալեպ քաղաքի մի հատվածը (քաղաքի արևմտյան կեսը)։
▪️Ահաբեկիչների կողմից փակված է նաև Հալեպը երկրի մնացյալ հատվածին կապող հիմնական մայրուղին (դեպի մայրաքաղաք Դամասկոս և ծովափնյա Լաթաքիա քաղաքներ)։ Հալեպ քաղաքը դեռ շրջափակված չէ, քանի որ կան այլընտրանքային՝ արևելյան ուղիներ, բայց առկա է նման վտանգ։
▪️Սիրիական կառավարական բանակը գրեթե դիմադրություն չի ցուցաբերել։ Ամենայն հավանականությամբ, այս պահին ընթանում է բանակային ուժերի վերադասավորում և համալրում, որպեսզի մեծ հարվածով թշնամուն դուրս շպրտեն քաղաքից։
▪️Մինչ այդ Հալեպի բնակչությունը (այդ թվում՝ հայությունը) մեծ վտանգի մեջ է։ Ես իմ աչքով եմ տեսել, թե ինչ ավերածությունների ու դաժանությունների են պատրաստ պրոթուրքական ահաբեկիչները։ Ուստի բանակի արագ և հաջող հակահարվածը խիստ կարևոր է։
▪️Այս պահին ընթանում են մարտեր Հալեպի և Իդլիբի նահանգներում։ Էական է լինելու առաջիկա ժամերին Սիրիայի դաշնակից Իրանի և ՌԴ արձագանքը։ Խոսք է գնում ռուսական զորքերի մեծացման և մեծ հակահարվածի մասին, սակայն հստակություն չկա։ Իմ տեղեկություններով՝ երեկ Սիրիայի նախագահ Ասադը այցելել է Մոսկվա։
▪️Թուրքիան վերջին ամիսներին և հատկապես շաբաթներին մեծ պատրաստություններ էր տեսել՝ Սիրիայի հյուսիսում նոր տարածքներ գրավելու համար։ Ուստի մեծ հավանականությամբ առաջիկա օրերին սիրիական հակահարվածի անհաջողության կամ բացակայության պարագայում թուրքական բանակն իր դեմքով կմտնի երկրի այլ տարածքներ։
Ինչո՞ւ է պետք մանրամասն հետևել այս հերթական պատերազմական փուլին։ Որովհետև Սիրիայի վրա այս նոր հարձակման նախապատրաստության ողջ փուլում Թուրքիան հանդես էր գալիս «խաղաղության» կոչերով և պնդում, որ նոր տարածքներ գրավելու մտադրություն չունի։ Մինչդեռ դա ընդամենը սիրիական զգոնությունը թուլացնելու ու իրական մտադրությունները քողարկելու միջոց էր։ Օգտվելով աշխարհաքաղաքական իրադրությունից՝ Թուրքիան հերթական անգամ խախտեց բոլոր պայմանավորվածությունները։
Ինչպես ասում են՝ «Կո՛ւժ, քեզ կասեմ, կուլա՛, դու լսի՛ր»»։