«Իշխանությունները որոշել են հերթական «գիտափորձն» անցկացնել Գյումրիում». Արմեն Դուլյան
100
Ուրբաթ, 29 նոյեմբերի, 2024 թ., 10:48
Լրագրող Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տարօրինակ փորձարկումները Հայաստանում շարունակվում են. այս անգամ փորձադաշտը Գյումրին է լինելու Աննախադեպ էքսպերիմենտները Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական դաշտում սկսվեցին դեռ մինչև անկախության հռչակումը, երբ 1989 թվականին Երևանում գումարվեց Հայկական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ազգային խորհրդի համատեղ նիստը, որում ընդունված որոշումն այսօր էլ՝ 35 տարի անց, ամենատարբեր մեկնաբանությունների առիթ է տալիս թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում։ Ի դեպ, վերամիավորման մասին այդ որոշումը մոտ մեկ տասնամյակ հետո՝ 1998 թվականին, հիմք ծառայեց մեկ այլ աննախադեպ իրադարձության համար՝ չնայած Սահմանադրությունը դա արգելում էր, Հայաստանի նախագահ դարձավ այն մարդը, որը պահանջված չափով Հայաստանում չէր բնակվել մինչ այդ։ Անցավ ևս մի քանի տարի, և նախագահի 2003 թվականի ընտրություններից հետո Սահմանադրական դատարանի ղեկավարն էլի մի չտեսնված ու չլսված բան առաջարկեց՝ անցկացնել, այսպես կոչված, վստահության հանրաքվե։ Պատկերացնում եք, չէ՞, թե դա ինչ է՝ դուք մի անգամ ձեր ձայնը տվել եք, ասենք, Դոնալդ Թրամփի օգտին, բայց ձեզ ասում են՝ կրկին պիտի գնաք ընտրատեղամաս, որպեսզի մենք համոզվենք՝ իրո՞ք այդ մարդու օգտին եք քվեարկել։ Հո չե՞ք սխալվել։ Հետո ընդհանրապես որոշեցինք նախագահին վերապահել անգլիական թագուհու դեր և անցնել պառլամենտական համակարգին։ Բայց այս դեպքում էլ զերծ չմնացինք աննախադեպ նորամուծությունից և օրենսդրորեն ամրագրեցինք կայուն մեծամասնության սկզբունքը։ Չէ′, մի փոքր խեղաթյուրում եմ, այդ սկզբունքը նախադեպ ուներ՝ այն ժամանակին կիրառել էր դուչեն՝ Իտալիայի նացիոնալ ֆաշիստական կուսակցության առաջնորդ Բենիտո Մուսոլինին։ Իսկ Արցախի համար մշակեցինք ընդհանրապես նախադեպը չունեցող կառավարման համակարգ, որը մասնագետները որակեցին սուպերնախագահական, այսինքն, ամերիկյան նախագահական համակարգից էլ ավելի նախագահական։ Եվ հիմնավորում էինք՝ բա, պատերազմի մշտական սպառնալիքի տակ գտնվող երկիրը միայն իշխանության նման կենտրոնացման պայմաններում կարող է գոյատևել։ Երևի պարզապես հաշվի չէինք առել, որ գոյատևելու համար անհրաժեշտ բազմաթիվ այլ կարևոր գործոններ կան, միգուցե շատ ավելի կարևոր, քան իշխանության կենտրոնացումը։ Պատերազմից հետո մի պահ թվաց, թե ի վերջո կարելի է դադար տալ, որոշ ժամանակ ընդհանրապես հրաժարվել աննախադեպ նորամուծություններից և պարզապես վերլուծել անցած ավելի քան երեք տասնամյակների փորձը։ Բայց պարզվեց, որ մենք այն ազգն ենք, որի ներկայացուցիչների պրպտուն միտքը երբեք հանգիստ չունի։ Եվ աշնանային ամպամած երկնքում անսպասելիորեն որոտաց Հայաստանի համար բոլորովին նոր մի գաղափար՝ փրայմերիզ։ Բայց ի՞նչ է դա և ինչո՞վ են այն ուտում… Բոլոր նման հարցերին կարելի է պատասխանել այն խորհրդով, որը Պանիկովսկին էր տալիս Շուրա Բալագանովին. «Գնացե՛ք Ամերիկա և, վե՛րջ։ Չէ՛, դուք գնացեք Ամերիկա և հարցրեք, թե ինչ ասել է փրայմերիզ»։ Ինչո՞ւ հենց Ամերիկա։ Որովհետև, իհարկե, տարբեր երկրներում, օրինակ, Կանադայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում և նույնիսկ Մեքսիկայում առաջատար կուսակցություններն իրենց անդամների մասնակցությամբ նախնական ընտրություններ անցկացնում են, բայց դասական փրայմերիզը Միացյալ Նահանգներում է։ Ի դեպ, մասնագետները համոզված են՝ Հայաստանի նման պառլամենտական երկրներում փրայմերիզներն ընդհանրապես անիմաստ են, որովհետև ընտրողն իր հավանությունն է տալիս ոչ թե անձին, այլ կուսակցությանը՝ կարծես ասելով քաղաքական ուժի ներկայացուցիչներին. ես լրիվ վստահում եմ ձեզ և հավատում, որ դուք ամենաճիշտ ընտրությունը կկատարեք՝ վարչապետ դարձնելով ամենաարժանավորին։ Ինչևէ, այս անգամ իշխանությունները որոշել են հերթական «գիտափորձն» անցկացնել ոչ թե համապետական, այլ ընդամենը տեղական մակարդակով՝ Գյումրիում։ Ըստ վարչապետի, այսպես է լինելու. «Մենք կխնդրենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» անդամների, համակիրների, համախոհների շրջանակից առաջադրվեն կամ ինքնառաջադրվեն թեկնածուներ, որոնց քաղաքական որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է՝ մերժենք, որից հետո Գյումրիի բնակիչների շրջանում, իհարկե, ոչ բոլորի շրջանում, որոշակի սկզբունքով, ինչ-որ առումով՝ նաև պատահականության սկզբունքով, կիրականացնենք քվեարկություն։ Քվեարկության արդյունքներով հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որը, մեծ հավանականությամբ, կլինի նաև մեր թեկնածուն Գյումրիի ավագանու առաջիկա ընտրություններում»։ Չեմ ուզում անդրադառնալ ընդդիմության պնդումներին, թե սա ընդամենը Երևանում արդեն փորձարկված պարզունակ հնարք է՝ իշխող ուժը նախօրոք նշանակում է քաղաքապետի պաշտոնակատար, որը՝ զբաղեցնելով այդ աթոռը, լայն հնարավորություններ է ստանում առաջիկա ավագանու ընտրությունների նախօրեին։ Էստեղ շատ ավելի լուրջ հարց կա։ Խոսքն այն մասին է, թե ո՞րն է իշխող ուժի իրական նպատակը՝ պետության կայացո՞ւմը, թե՞ իշխանության պահպանումը։ Հարցրե´ք պետական իրավունքի ցանկացած մասնագետի, և նա ձեզ կասի՝ որքան ավելի լայն լիազորություններ ունի տեղական համայնքը, որքան ավելի ակտիվ են այդ համայնքի անդամները, այնքան ավելի ամուր է պետությունը։ Իսկ ի՞նչ են անում հիմա Հայաստանի իշխանությունները՝ առանց գյումրեցիների հետ խորհրդակցելու, առանց նույնիսկ նրանց տեղյակ պահելու, Երևանում հապշտապ որոշել են, որ Գյումրիի բնակիչները, որոնցից շատերը երևի պատկերացում էլ չունեն, թե իրենից ինչ է ներկայացնում այդ ամերիկյան փրայմերիզը, ընդամենը 10 օրից, այն էլ պատահականության բոլորովին անհասկանալի սկզբունքով, պիտի մասնակցեն ինչ-որ նախնական ընտրությունների: Հիմա ասե՛ք խնդրում եմ՝ ինչի՞ համար է սա արվում. համայնքը զարգացնելու, ակտիվացնելու, ամրապնդելու վեհ նպատակո՞վ, թե՞ գերիշխողն իշխանությունը Հայաստանի երկրորդ քաղաքում վերահսկելու մոլուցքն է»: