«Փաշինյանն անում է առավելագույնը, որպեսզի Հայաստանի պարտությունը չլինի իր անձնական պարտությունը»․ Հակոբ Բադալյան
87
Այսօր, 12:12
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատ օրեր առաջ թեմային անդրադարձա թելեգրամյան ձևաչափով, ասելով, որ ըստ իս՝ «իրական» Հայաստանի մասին հայտարարությունները այլ բան չեն, քան պարզապես պարտությունը կոնցեպտավորելու գործողություն: Որովհետև, Հայաստանը երբեք չի եղել անիրական, Հայաստանը իր անկախության երեք տասնամյակում երբեք չի վարել անիրական քաղաքականություն, ԵՐԲԵՔ: Պարտությունն այդ կերպ կոնցեպտավորելու Փաշինյանի մոտիվը հասկանալի է: Իհարկե այստեղ կան տարբեր տեսակետներ, շատ շատերը համոզված են, որ դա պարզապես Թուրքիայից և Ադրբեջանից անմիջական հրահանգավորում է: Ես որևէ հիմք չունեմ պնդելու, որ այդպես չէ, կամ որ՝ չի կարող լինել այդպես: Բայց, ես ունեմ այլ կարծիք, կապված Փաշինյանի վարքագծի ու մոտիվների հետ: Ըստ իս, նա պարզապես անում է առավելագույնը, որպեսզի Հայաստանի պարտությունը չլինի իր անձնական պարտություն և չբերի իշխանությունը տանուլ տալու: Նախօրեին, դարձյալ թելեգրամյան ձևաչափով ես արտահայտեցի, թե իմ սուբյեկտիվ գնահատմամբ որն էր Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի «մեխը», առանցքային մեսիջը, որը նոր էր: Մինչ այժմ Փաշինյանը վերը նշածս խնդիրը լուծել է «նախկինների», «Ռուսաստանի» հաշվին: Մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով զգալիորեն նվազել է այդ ռեսուրսների «շահագործման» ներուժը, ժամկետը: Այժմ վարչապետ Փաշինյանը վերը նշածս խնդիրը լուծելու ռեսուրս է դիտարկում նաև իր այսպես ասած թիմը կամ քաղաքական հենարանը: Զուգահեռ, նա իհարկե շարունակելու է «պտտել» «իրականի» ու «պատմականի» թեման, համեմել նորանոր ձևակերպումներով: Էական մի հարց է այն, որ դա արդյունավետ անելու համար Փաշինյանը պետք է նախ և առաջ ինքն իրեն համոզի, որ այն, ինչ ասում է՝ իրականություն է: Հայտարարելով, թե ինքը ստացել է ինքն իրեն տված բոլոր հարցերի պատասխանները, Փաշինյանը հուշում է, որ ինքն իրեն այդ հարցում համոզել է: Հանրությանը կհամոզի՞, թե ոչ: Դա իր համար խնդրի մի մասն է, բայց ոչ առաջնային: Ներկայումս իր համար կարևորը այդ մասին խոսելն է, արտահայտված լինելը, որպեսզի «հետո չասեն, թե ինչո՞ւ էիր լռում», երբ իրավիճակը կզարգանա այնպես, որ կարիք կլինի դարձյալ խուսանավել և մանևրել «պատասխանատուի» և «մեղավորի» միջև: Իսկ այդ վարքագիծը իրեն արդարացնելու է այնքան ժամանակ, քանի դեռ չկա իրապես, իրական Հայաստանի քաղաքական ընդգրկուն և ներառական հայեցակարգ: Այս դեպքում իրական Հայաստանը որևէ կապ չունի «իրական Հայաստանի» հետ: Խոսքն այս դեպքում պարզապես Հայաստանում քաղաքական հայեցակարգի գոյության մասին է, որը իր տարողունակությամբ և ընդգրկունությամբ մեղմ ասած շատ ավելին կլինի, քան Նիկոլ Փաշինյանին տրվող բնութագրերը: Այսօր Հայաստանում նրա հասցեին ընդդիմախոսության «մեխը» այդ բնութագրերն են: Դրանք դիպու՞կ են, թե՞ ոչ: Սրա պատասխանը հարաբերական է, բայց բոլոր դեպքերում՝ դրանք հայաստանյան իրականության հետ ըստ էության պակաս հակասության մեջ չեն, որքան Հայաստանի հանրապետության իրավա-քաղաքական հիմքերին Նիկոլ Փաշինյանի տված բնութագրերը: Իսկ «բնութագրերի պատերազմը» այն է, ինչին ներքին քաղաքականության մեջ ձգտում է Նիկոլ Փաշինյանը՝ ավելի վերևում նշածս խնդրի լուծման ճանապարհին: Այդ «պատերազմում» նա չի հաղթի, բայց նաև չի պարտվի: Իսկ նրա խնդիրը, ինչպես նշեցի, անձնական պարտությունից խուսափելն է»։