Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2024 թ.

ԼՀԿ հայտարարությունը՝ ԸՕ-ում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ

955
Երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2024 թ., 12:48
ԼՀԿ հայտարարությունը՝ ԸՕ-ում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ

ԼՀԿ հայտարարությունը՝ Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ․ «Խստիվ դատապարտում ենք նման փոփոխության իրականացումը և պահանջում զերծ մնալ այս հակաժողովրդավարական քայլից:
Լուսավոր Հայաստան կուսակցությունը հանրության և մասնագիտական շրջանակների ուշադրությունն է հրավիրում կառավարության հեղինակած և ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված Ընտրական Օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին։
Ի թիվս այլ դրույթների՝ կառավարությունը նախատեսում է կարգավորել արտակարգ կամ ռազմական դրության հայտարարման դեպքում ընտրությունների ընթացքի կասեցման հարցը։ Ըստ այդ փոփոխության, եթե արտակարգ կամ ռազմական դրություն է հայտարարվում ընտրության օրվանից հետո յոթ օրվա ընթացքում, ապա ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկության կազմակերպում եւ անցկացում:
Սա նշանակում է, որ երբ արդեն իսկ հայտնի լինեն քվեարկության նախնական արդյունքները, ապա կառավարությունը, սուբյեկտիվ ընկալումներից ելնելով, կարող է հայտարարել ռազմական կամ արտակարգ դրություն, որը ինքնաբերաբար կզրոյացնի ժողովրդի կողմից արտահայտված կամքը, արդեն իսկ կայացած ընտրության արդյունքները և կհանգեցնի նոր քվեարկության։
Ինչպես բազմիցս քննադատված կայուն մեծամասնության դրույթից չհրաժարվելը, այնպես էլ այս փոփոխությունը, Լուսավոր Հայաստան կուսակցությունը դիտարկում է նեղ իշխանական շահերից բխող, ինչը կարող է հակաժողովրդավարական գործիք հանդիսանալ թե՜ գործող, թե՛ ապագա իշխանությունների ձեռքին՝ ստացված անցանկալի ընտրական արդյունքները, այն է ժողովրդի կամքը զրոյացնելու համար։
Խստիվ դատապարտում ենք նման փոփոխության իրականացումը և պահանջում զերծ մնալ այս հակաժողովրդավարական փոփոխությունից։
Նկարագրված փոփոխության ամբողջական պարբերությունը ամբողջությամբ ստորև.
«Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է Ազգային ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեկնածուներ առաջադրելու համար նախատեսված ժամկետի սկսվելուց հետո մինչեւ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկության կազմակերպում և անցկացում»։
Կ-927-26.09.2024-ՊԻ-011/1 հոդված 7.1-ի նոր խմբագրության երրորդ կետի երկրորդ պարբերություն»։

Աղբյուրը`   ԼՀԿ