Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2024 թ.

Ընտրությունների շունչը զգացվում է․ «Հրապարակ»

71
Հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2024 թ., 09:24
Ընտրությունների շունչը զգացվում է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն այսօր նիստ է հրավիրել՝ վճռվելու է «կայուն մեծամասնություն» նորմի ճակատագիրը։ Հանձնաժողովի քաղհասարակությունը՝ Դանիել Իոաննիսյանի գլխավորությամբ, առաջարկել է հրաժարվել այս դրույթից։ Ըստ 2015 թ․ Սահմանադրության՝ եթե ԱԺ ընտրություններում որևէ կուսակցություն չի ստանում մանդատների 50%-ից ավելին և այլ ուժերի հետ չի կարողանում կազմել կոալիցիա, ապա ընտրությունների 2-րդ փուլ են անում, և հաղթողը ստանում է այնքան լրացուցիչ մանդատ, որ մեծամասնություն լինի՝ անկախ ընտրություններում հավաքած ձայներից: Այսինքն՝ ընտրողների 25-30 տոկոս քվե ստացած ուժը կարող է միանձնյա ձևավորել կառավարություն: Այս դրույթը հնարավոր է փոխել առանց հանրաքվեի՝ ԱԺ-ի միջոցով։ Երեկ «Իրազեկ քաղաքացիները» հայտարարություն էին տարածել․ «Կայուն մեծամասնության սկզբունքը վերացնելու համար պետք է Սահմանադրության 89-րդ հոդվածում սահմանել, որ եթե որևէ ուժ չի հավաքել մեծամասնություն, ապա խորհրդարանը չի համարվում ձևավորված և չի ունենում առաջին նիստ, քանի դեռ քաղաքական ուժերը չեն կազմել կոալիցիա: Իսկ եթե սահմանված ժամկետում կառավարություն չի ձևավորվում, ու կուսակցությունները համաձայնության չեն գալիս, ՀՀ նախագահը նշանակում է նոր ընտրություններ։ Այս փոփոխությունը չի հակասում Սահմանադրության այլ դրույթներին և կարող է փոխվել ԱԺ-ի կողմից՝ պատգամավորների ⅔-ով»։

Հանձնաժողովից տեղեկացանք, որ մինչև վերջերս իշխանությունը դեմ չէր այդ դրույթից հրաժարվելուն, սակայն, ըստ ամենայնի, օրեցօր անկում ապրող վարկանիշը ստիպել է փոշմանել, մանավանդ որ աճում է արևմտամետների վարկանիշը, և այս առաջարկով վերջիններս փորձում են հող պատրաստել իշխանությանը փաստացի տեր դառնալու համար՝ վստահ, որ ՔՊ-ն միայնակ չի հաղթահարելու 50 տոկոսի շեմը և մնալու է իրենց հետ դաշինք կազմելու հույսին»։