Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 22 հունիսի, 2024 թ.

«Ինքնիշխանությունը անընդհատ սպասարկվող գործընթաց է»․ Հակոբ Բադալյան

120
Ուրբաթ, 31 մայիսի, 2024 թ., 03:24
«Ինքնիշխանությունը անընդհատ սպասարկվող գործընթաց է»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարդիկ մտածում են, որ կարող են որևէ մեկին ենթարկել ցինիկ ծաղրի, բայց, դրա համար կոշտ պատասխան ստանալով՝ աղաղակել անհանդուրժողության մասին:
Ընդ որում, այդ մտածումն էլ կարող են քաջալերել մարդիկ, որոնք նույն ծաղրի համար փետրահան կանեին այլոց, բայց ոչ սեփական ընկերոջը կամ մտերմին:
Սա իսկակես հոգեբանություն է, մեզանում ընդհուպ՝ չընկալվող անմեղսունակության հասնող հոգեբանություն: Այսինքն, մարդկանց մտքով իսկ չի անցնում, որ դա թայֆայություն է, որ իրենք սեփական մտերմին ներում են այն, ավելին՝ խրախուսում են այն, ինչը ընդհուպ ոտնատակ կտան անծանոթի կամ պարզապես ոչ մտերմի պարագայում:
Թայֆայական հոգեբանությամբ հանրության համար չափազաննց դժվար է կայուն լուծումների դաշտ բերել պետական ինքնիշխանության խնդիրը:
Իսկ դա մի խնդիր է, որը չունի «միանվագ» լուծում: Այսինքն, չի լինում այսպես՝ «հոպ, արդեն ինքնիշխան ենք»: Ինքնիշխանությունը անընդհատ սպասարկվող գործընթաց է, պարզապես պետական կյանք, որը իր քաղաքական, տնտեսական, ընթացիկ այլ դրսևորումներում անխուսափելիորեն ունենում է որոշակի «անկայուն» ընթացք, բոլոր երկրների պարագայում: Կայունությունը ապահովվում է հենց հանրային արժեքային-հոգեբանական հիմքի շնորհիվ, որի հաջորդ շերտը արդեն մտածողությունն է:
Մենք, ոչ միայն բազային խնդիրը չլուծած, այլ նույնիսկ այդ խնդիրը բացարձակ անտեսելով եւ նույնիսկ ըստ էության գլխի էլ չընկնելով դրա գոյության մասին, փորձում ենք «միանվագ կայունության» հասնել մի տեղ, որտեղ այդ «կայունություն-կարծրությունը» չի էլ լինում, չի էլ կարող լինել, ու պետք էլ չէ՝ որ լինի, եթե բազային շերտում մենք ձեւավորում ենք ընթացիկ լուծումների կայուն հիմքը»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան