Երևան`   +24 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 29 մայիսի, 2024 թ.

«Թե՞ ձեր ազգակիցները միայն կարմիր ու սև բերետավորներն են». Վահան Հովհաննիսյանն` իշխանական պատգամավորներին

155
Հինգշաբթի, 16 մայիսի, 2024 թ., 00:06
«Թե՞ ձեր ազգակիցները միայն կարմիր ու սև բերետավորներն են». Վահան Հովհաննիսյանն` իշխանական պատգամավորներին

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխող ուժի հարգելի պատգամավորներ․ հնարավոր բոլոր խոսափողներով և հնարավոր բոլոր հարթակներում ծաղրուծանակի եք ենթարկում սրբազան շարժումը, դրա առանցքն ու էությունը կազմող համերաշխության, սիրո, հանդուրժողականության, սևի ու սպիտակի վերացման, հասարակության բևեռացման բացառման կարգախոսները։ Ձեր վարքագծից ու խոսույթից ենթադրվում է, որ սրբազան շարժման այդ կարգախոսները կեղծ են և դուք են դրանց իրական կրողները։ Մի պահ ընդունենք, որ այդպես է, բայց․․․։
Վերջին մի քանի օրերի ընթացքում ոստիկանության բաժիններ բերման ենթարկվեցին խաղաղ անհնազանդության գործողությունների հարյուրավոր մասնակիցներ, այդ թվում՝ երիտասարդ աղջիկներ, պատանիներ ու անչափահասներ, մի մասը ստացան մարմնական լուրջ վնասվածքներ։ Բոլորը բերման ենթարկվեցին ՄԻԵԴ բազմաթիվ որոշումներով սահմանված, օրինական ու թույլատրելի ճանաչված խաղաղ անհնազանդության բաղադրիչ ու միջոց հանդիսացող տարատեսակ արարքների՝ ներառյալ նաև փողոցներ փակելու համար։ Շեշտում եմ՝ օրինական համարվող գործողությունների համար։
Բերման ենթարկված գրեթե բոլոր անձանց այցելեցին ԱԺ միայն ու բացառապես ընդդիմադիր ուժերի պատգամավորները։
Հիմա ինքներդ ձեզ հարց տվեք, եթե դուք եք հասարակության խաղաղության աղավնիները, սևն ու սպիտակը մերժողը, հասարակական համերաշխության ջատագովները, ապա ինչո՞ւ ձեզանից որևէ մեկը՝ ի կատարումն ձեր պատգամավորական առաքելության, չայցելեց բերման ենթարկվածներից որևէ մեկին։ Բերման ենթարկված անչափահասները, երիտասարդ աղջիկները, մարմնական վնասվածք ստացածները ձեր թշնամիները չէին, հայեր էին, ձեր ազգակիցները, նույն հասարակության անդամ էին, ինչ դուք։ Թե՞ ձեր ազգակիցները միայն կարմիր ու սև բերետավորներն են։
Երբ հոգու խորքում գտնեք հարցի պատասխանը, պատրաստ եմ ձեզ հրավիրել սուրճ խմելու»: