«Ինչ կարող են անել հասարակ քաղաքացիները այսօր և հաջորդ օրերին». Վարուժան Գեղամյան
121
Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ., 03:18
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչ կարող են անել հասարակ քաղաքացիները այսօր և հաջորդ օրերին Այս հարցը տանջում է մեր ժողովրդի մեծամասնությանը։ Կփորձեմ շատ կարճ պատասխանել։ Պետք է հիշել. ցանկացած քաղաքական գործիչ ու կազմակերպություն ուժ է ստանում ժողովրդից։ Ինչքան շատ ու կազմակերպված ժողովուրդ, այնքան շատ ուժ ու վճռականություն նոր ու հին քաղգործիչների մոտ։ Հետևաբար. *Այսօր, վաղը, մյուս օրը և մինչև հաղթանակ պետք է խոսել, քննարկել, բարձրաձայնել անհամաձայնությունը կատարվողի հանդեպ։ Չպետք է մնալ անտարբեր ու հուսալքված։ Դա ոչ միայն նոր պարտությունների ճանապարհ է, դա նաև նպաստում է մեր երկրում բռնապետական ռեժիմ հաստատելուն։ *Պետք է ամեն օր ու անդադար քարոզել մեր շրջապատում։ Առանց հոգնելու բացատրել մեր եղբայրներին ու քույրերին, հանելու նրանց մոլորության միջից, որն այնքան ջանասիրաբար ու հետևողականորեն ստեղծում են դե-ֆակտո իշխանությունները։ *Հիասթափվելը, նեղանալը, նեղվելը ու թևաթափ լինելը բնական զգացողություններ են՝ հատուկ բոլորիս։ Բայց սրանք ամենահեշտն են հաղթահարելու համար, հետևաբար՝ պետք է մեզանից հեռու վանել դրանք։ *Տավուշը, Արարատն ու Սյունիքը դեռ չեն հանձնվել թշնամուն, քանի որ կա գիտակցում, որ դեռ դիմադրություն կա։ Մեր խնդիրն է այդ դիմադրությունը ոչ միայն պահպանել, այլև մեծացնել։ Դա բառիս բուն իմաստով կախված է այս տողերը կարդացող յուրաքանչյուր մարդուց։ *Կարդալ, տարածել, բացատրել, տեղեկացնել, բաժանորդագրվել ազգային մեդիային. սա պետք է լինի մեր ամենօրյա օրակարգի մի մասը անկախ եղանակից ու այլ՝ բազմաթիվ կարևոր ու անկարևոր հոգսերից։ Սրանք պարզ քայլեր են, որոնք պետք է անել անկախ նրանից, թե ով է առաջնորդում ազգային պայքարը։ Սրանք քայլեր են, որոնք մեր ձեռքերում են։ Սրանք քայլեր են, որոնք անհրաժեշտ են հաղթելու համար։ Տավուշցի 96-ամյա Լենա տատիկը այս ամենն անում է՝ հույսը դնելով մեզ վրա»: