Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

«Տիգրան Ավինյանը հերթական խայտառակ որոշման նախագիծն է բերում». Իզաբելլա Աբգարյան

143
Երկուշաբթի, 08 ապրիլի, 2024 թ., 23:54
«Տիգրան Ավինյանը հերթական խայտառակ որոշման նախագիծն է բերում». Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը գրում է. «Երևանի ավագանու դերն ու կշիռը այդպես էլ չհասկացած քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական խայտառակ որոշման նախագիծն է բերում առաջիկա նիստի օրակարգ:
Ըստ իր կողմից առաջարկվող նախագծի՝ ավագանու խմբակցությունների ղեկավարները պետք է մեկ անգամ իրավունք ունենան նախքան քվեարկությունը 15 րոպե ընդմիջում վերցնել՝ ներկայիս երեք անգամվա փոխարեն:
Տեղեկացնենք, որ այդ ընդմիջումներն անհրաժեշտ են լինում, որ խմբակցությունները հստակեցնեն իրենց քվեարկությունը՝ անհրաժեշտ դեպքում փոխելով այն:
Նման անհրաժեշտություն կարող է առաջանալ տարբեր պատճառներով, ինչպես, օրինակ, հարց ու պատասխանի կամ ելույթների փուլում ի հայտ եկած նոր հանգամանքների առկայությամբ:
Գուցե «որոշումները գրպաններում» նիստի եկածների համար նման կարիք չի առաջանում, բայց ժողովրդավար աշխատելաոճ որդեգրած խմբակցությունների համար նորմալ է քվեարկությունից առաջ կարծիք փոխելը կամ խմբակցության անդամներից մեկի պահանջով նման փոփոխությունները քննարկելը:
Ինքնին Ավագանու նսեմացում, խամաճիկացում է գործադիրի կողմից ավագանու նիստի կանոնակարգին միջամտելը, փոփոխելը: Այն պետք է բացառապես լինի ավագանու տիրույթում:
Եթե իշխանություններն այդպիսով փորձում են ժամանակ խնայել, ապա ընդդիմությունը կարող է յուրաքանչյուր հարցից հետո ամբողջ կազմով գրանցվել թե՜ հարցերի, թե՜ ելույթների համար:
Հաջորդ նիստին էլ դա՞ պիտի փոխեն:
Արևմտյան արժեքներից խոսացող իշխող կուսակցությունները հերթական անգամ ապացուցում են, որ գաղափար չունեն դրանց էությունից և ժողովրդավար ուղու փոխարեն գնում են ավտորիտարիզմի ճանապարհով:
Եթե ՔՊում մնացել են մարդիկ, որ հասկանում են՝ ինչի մասին է խոսքը, թող բացատրեն քաղաքապետարանի իրենց կուսակիցներին և հորդորեն հանել օրակարգից այս՝ հերթական խայտառակությունը»: