Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

«Խիստ կասկածում եմ, որ զինվորականները նման որոշման կգային». Տիգրան Աբրահամյան

166
Երկուշաբթի, 08 ապրիլի, 2024 թ., 22:06
«Խիստ կասկածում եմ, որ զինվորականները նման որոշման կգային». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահն այսօր նշել է, որ Տավուշից սահմանազատման գործընթաց սկսելու նախաձեռնությունը Զինված ուժերի Գլխավոր շտաբից է:

Անկեղծ ասած՝ խիստ կասկածում եմ, որ զինվորականները նման որոշման կգային, եթե, իհարկե, ԳՇ պետին չի հանձնարարվել, այսպես ասած, այդպիսի որոշման տակ մտնել, որը հավանական տարբերակ է:

Ինքս ցանկություն չունեմ կանխատեսումների դաշտ մտնել, բայց կարծում եմ, որ ԳՇ-ն պետք է այս վիճակը պարզաբանի, որովհետև, եթե իսկապես այդ որոշումն իրենն է, ապա մեր քաղաքացիները պետք է շատ հստակ իմանան, թե երկրի հանձնման այս գործընթացում ովքեր են հանցակցում քաղաքական իշխանությանը:

Իրականում ծանոթ ձեռագիր է՝ փաշինյանը գծում է սցենարը, հանցանքը հավասարապես կիսում տարբեր դերակատարների միջև, որպեսզի քաղաքական առումով արդարացումներ ունենա, իսկ հետագայում էլ դատարանում հայտարարի, թե ԳՇ-ն է նման որոշում տվել և ըստ այդմ՝ նա էլ կրում է հակապետական գործընթացի պատասխանատվությունը:

Եվս մեկ անգամ պարզ լեզվով ասում եմ՝ Տավուշի հետ կապված իշխանության հայտարարությունները քաղաքական, իրավական, անվտանգային, բանակցային առումով որևէ հիմնավորում չունեն և դրանք բացառապես ադրբեջանական շահերի սպասարկմանն են ուղղված:

Իսկ թե ով և ինչ ծավալով կմտնի սրա մեջ՝ յուրաքանչյուրի խղճի ու ընտրության հարցն է՝ համապատասխան իրավական հետևանքներով»: