Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Հայաստանի կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է»․ Սերժ Սարգսյան

113
Հինգշաբթի, 04 ապրիլի, 2024 թ., 17:06
«Հայաստանի կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է»․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Սարգսյանը որտեղի՞ց գիտեր մոտալուտ արհավիրքի մասին և եթե գիտեր, ինչո՞ւ իրեն և ժողովրդին չի զգուշացրել, փոխարենը կենցաղային բնույթի հարցերով է դիմել իրեն։ «Հայաստանի կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է, նա զրպարտել էր ինձ, թե իբր կենցաղային հարցերով նամակներ եմ իրեն ուղղել, որը իմ աշխատակազմի ղեկավարն անմիջապես հերքեց՝ պահանջելով նամակների հրապարակում: Պարզ է, նման բան չէր եղել: Իսկ արհավիրքը իր իշխանության գալն էր, գլխավոր բանակցողի փոփոխությունը, իսկ Արցախի հայաթափումը, կապիտուլյացիան, Հայաստանի ստորացուցիչ վիճակը, այդ արհավիրքի հետևանքներն են»,- ասել է Սարգսյանը՝ բերելով օրինակներ՝ արդյոք զգուշացրե՞լ է ռազմական գործողությունների մասին, թե՝ ոչ։ «Առաջին անգամ և՛ ինքը և՛ մեր ժողովուրդը զգուշացվել են ապրիլի 17-ին, երբ ես ընտրվում էի վարչապետ, երբ ասացի, որ բանակցային գործընթացը կանգ է առել, ակնհայտ է՝ դրանից հետո բացատրեցի ինչումն է խնդիրը, իրենք դա չնկատեցին, սկսեցին այդ բառերը կոնտեքստից կտրելով՝ որպես բանակցությունների ձախողման ապացույց ներկայացնել։ Երկրորդ անգամ ես անձամբ իրեն եմ զգուշացրել՝ վերջին 30 տարիների ընթացքում տեղի ունեցած մեր միակ հանդիպման ժամանակ, երբ ապրիլի 22-ին «Մարիոթ» հյուրանոցում ասացի, որ ինքը Մարտի 1-ի իրադարձություններից դասեր չի քաղել: Բնականաբար, իր բնույթի համաձայն, անմիջապես շուռ տվեց ամբողջ ասածը, թե իբր ես սպառնում եմ մեր ժողովրդին։ Այդ ժամանակ արդեն ինձ համար ակնհայտ էր, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը բարդ էր, և այդ պայմաններում Հայաստանը չէր կարող որևէ ռազմական գործողությունների ժամանակ ունենալ որևէ հաջողություն։ Հաջորդ զգուշացումը ուղիղ խոսքերով արվել էր մայիսի 1-ին, երբ նա առաջադրվել էր վարչապետ: Մեր խմբակցության պատգամավորները նրան ասում էին, որ ինքը չի կարող ղեկավարել Հայաստանը, չի կարող լինել գերագույն հրամանատար, որ դա ունենալու է ողբերգական հետևանքներ։ 2020 թվականի մարտին, երբ նա Վայոց ձորում քովիդը խեղդում էր արաղով, բառացի ասաց, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն մեզ վախեցնում են պատերազմով, բա եթե չենք ասել, չենք զգուշացրել, այդ բառերն իրեն որտեղի՞ց։ Անձամբ ես 2020 թվականի ամռանը մամուլի ասուլիսին ասացի՝ ռազմական գործողությունները մոտենում են: Զգուշացումները պոչով-պոզո՞վ են լինում, էլ ո՞նց զգուշացնեինք»,- ասել է Սարգսյանը:

«Հայաստանի կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է»․ Սերժ Սարգսյան