Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Հայ հասարակությանը մենք բավականաչափ չէինք բացատրում տեղի ունեցողն ու դրա կարևորությունը». Վարուժան Գեղամյան

143
Երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ., 23:48
«Հայ հասարակությանը մենք բավականաչափ չէինք բացատրում տեղի ունեցողն ու դրա կարևորությունը». Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «2017թ. մարտին մենք՝ տեղեկատվական դաշտի մի քանի հայ ներկայացուցիչներով արտասահմանցի բլոգերների հետ Թալիշում էինք։ Այդ այցից շուրջ մեկ տարի առաջ՝ 2016-ի ապրիլի 2-ին թշնամական Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել՝ փորձելով պատերազմով գրավել Արցախը, սակայն լիարժեք տապալվել էր։
«Ապրիլյան պատերազմ» անունը ստացած քառօրյա կռիվներում պետությունը՝ բանակն ու թիկունքը ներառյալ, գործեց ինչպես հարկն է, վտանգը չեզոքացվեց, իսկ մեր բանակցային դիրքերն էլ ավելի ամրապնդվեցին։
Սակայն այդ մասին հայ հասարակությունը չիմացավ, որովհետև մեր երկրի ներսում գործող օտարերկրյա գործակալները քարոզում էին, որ պարտվել ենք, որ «տղերքը բահով էին կռվում», որ «դե սաղ նախապես պայմանավորված էր», իսկ ոմանք էլ «հող հանձնելու դեմ պայքարի» անվան տակ սկսեցին քայքայել պետությունը՝ անունը դնելով քաղաքականություն։
Իսկ ժողովուրդը հավատաց դրան, թեև հենց ինքն էր հենց նոր կերտել այդ հաղթանակը։
Շատերս, ինչպես որ ես, այն ժամանակ կարծում էինք, որ մեր խնդիրն է առաջին հերթին միջազգային լսարանին ճիշտը քարոզել Արցախի մասին։ Ու հենց այդ նպատակով էլ այցելել էինք Թալիշի հաղթական դիրքեր։
Սակայն իրականում երկրի ներսում՝ հայ հասարակությանը մենք բավականաչափ չէինք բացատրում տեղի ունեցողն ու դրա կարևորությունը։ Այդ թերության ազդեցությունը երևաց հետագա տարիներին ու երևում է նաև հիմա։
Արցախում՝ ցեխոտ, խոնավ դիրքերով անցնելուց ու զինվոր տղերքի հետ ճաշարանում հաց ուտելուց հետո ես վստահ էի, որ բանակին կոտրել չի լինի։ Չնայած էդ պայմաններին՝ տղերքի դեմքին կար մենակ հաղթանակի զգացում, որովհետև մի տարի առաջ իրենք նորից հաղթել էին։
Էդ օրվանից նաև հստակ մի բան հասկացա. ով խոսում է բանակի դեմ, ըստ էության՝ պետության թշնամի է, կապ չունի, թե ինչպես է այդ ամենը ներկայացնում։ Նույնն է նաև այսօր։
Ապրիլյանը հաղթել ենք, ու էլի կհաղթենք։ Թշնամին դա գիտի, դրա համար էլ համառ պայքարում է մեր դեմ»: