Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Արցախի վաճառքի այս ամբողջ գործարքից տուժեց միայն սովորական արցախցին»․ Նաիրի Հոխիկյան

201
Երկուշաբթի, 18 մարտի, 2024 թ., 11:24
«Արցախի վաճառքի այս ամբողջ գործարքից տուժեց միայն սովորական արցախցին»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինձ համար անընդունելի է, որ այն մարդիկ, ովքեր Արցախում իշխանություն էին ու Նիկոլ Փաշինյանին ծառայություններ էին մատուցում իրենց պաշտոնները պահելու համար, այսօր Հայաստանում փորձում են քաղաքական դիրքավորումներ ունենալ, նույնիսկ ընդդիմադիր դաշտում ակտիվ պայքարի մեջ մտնել ու իրենցից հեռացնել Արցախի հանձնման մեղքը։
2020-ի դեկտեմբերից սկսած Արցախի նախագահից մինչև կառավարություն համոզում էի, որ պետք է արագ կառուցել Շուշին շրջանցող ճանապարհը, որպեսզի մարդիկ ապահովագրված լինեն ադրբեջանական զորքի սադրանքներից։ Ինձ ասում էին, թե նոր ճանապարհի գաղափարը մեզ կհեռացնի Շուշիին նորից տեր լինելու գաղափարից։ Հետևաբար նոր ճանապարհ չպետք է լինի։ Նիկոլն է ասել։
Արդյունքում Շուշիի մոտ արգելափակված ճանապարհը ամբողջական բլոկադայի ենթարկեց Արցախը և սկիզբ դրեց հայաթափման։
Բերձորի հանձնման դեմ իմ պայքարին, երբ ասում էի, որ ընդամենը պետք է մոտ 1000 մարդ բնակվի Բերձորում ու սկզբունքորեն դուրս չգա, մանավանդ որ կար պայմանավորվածություն նաև միջազգային որոշ կառույցների (ռուս խաղաղապահների հրամանատարություն, ՄԱԿ և այլն) հետ, նույն Արցախի այն ժամանակվա իշխանությունների տարբեր բարձրագույն պաշտոնյաներ ասում էին, թե Բերձոր պահելը մեզ ոչ մի առավելություն չի տա։
Երբ ասում էի, որ Բերձորով են անցնում Արցախ մտնող բոլոր ենթակառուցվածքները (գազ, էլեկտրականություն, հեռախոս, համացանց և այլն), ու թշնամին օրեր անց կկտրի Արցախի բոլոր կապերը, նույն պաշտոնյաները հեգնում էին, թե իրենք բարձրագույն մակարդակով ունեն պայմանավորվածություն Ադրբեջանի հետ, որ չի լինի նման բան։ Նիկոլն էլ երաշխավոր է կանգնել այդ պայմանավորվածությունների համար։
Արդյունքում Բերձորը ստանալուց ուղիղ 2 ամիս ու մի քանի օր անց Ադրբեջանը բլոկադայի ենթարկեց ամբողջ Արցախը, ապա եղավ այն, ինչ եղավ։
Ի դեպ, Արցախի նախկին բարձրագույն իշխանության շատ պաշտոնյաների նախաձեռնությամբ ինձ մի քանի անգամ արգելել են մուտք գործել Արցախ' նույն ռուս խաղաղապահներին տալով իմ և իմ մեքենայի տվյալները, որ Աղավնոյի կամրջի մոտ թույլ չտան։ Մի քանի անգամ խնդիրներ եմ ունեցել խաղաղապահների հետ, որոնք էլ բացատրում էին, որ ոչ թե իրենց, այլ Ադրբեջանի, Հայաստանի ու Արցախի իշխանությունների ցանկությունն է' արգելել ինձ և իմ նման ևս մոտ 20 հոգու մուտքը Արցախ, քանի որ ես թշնամություն եմ սերմանում Ադրբեջանի նկատմամբ։
Արցախում էլ մի շարք քաղաքների ու գյուղերի ղեկավարներ (հատկապես Մարտակերտում) տարբեր միջոցներով ինձ խանգարում էին անվտանգային աշխատանքներ անել, օգնել մարդկանց, ընդհանրապես շփվել Արցախցիների հետ' պատճառաբանելով, թե Նիկոլին դեմ եմ։
Հիմա այդ նույն կարճամիտ ու պաշտոնամոլ մարդիկ, որոնք հանուն իրենց աթոռների ծախվեցին Հայաստանի թուրքական իշխանությանը և ծախեցին Արցախը, փորձում են հրեշտակ ձևանալ ու բոլորին մեղադրել Արցախի հանձնման համար, բացի իրենցից։ Ավելին, արժանապատիվ վերադարձի կամ բնակարանների փոխհատուցման հարցեր են բարձրացնում։
Արցախի վաճառքի այս ամբողջ գործարքից տուժեց միայն սովորական Արցախցին, իսկ բարձր պաշտոնյաների մեծ մասը նախապես իր համար տներ ու գույք ձեռք բերեց ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում' մոռանալով Արցախի ազատագրման համար թափած արյունն ու հայրենիքի գաղափարը։
Հավասարաչափ մեղավոր են Նիկոլն իր թիմով' թշնամու հետ գործարքի համար ու Արցախի իշխանությունները' հանուն պաշտոնի Նիկոլին ծախվելու համար։
Իսկ Նիկոլի դեմ պայքարում Արցախից պետք է լինեն այն մարդիկ, ովքեր իրականում պայքարում էին Արցախի համար ու մնացին դիրքերում մինչև վերջ կամ հանուն պաշտոնի չդարձան նիկոլական»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան