Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Լավրովի հայտարարությունները խիստ վտանգավոր ենթատեքստ են պարունակում»․ քաղաքագետ

170
Կիրակի, 03 մարտի, 2024 թ., 11:06
«Լավրովի հայտարարությունները խիստ վտանգավոր ենթատեքստ են պարունակում»․ քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա է դաժան իրականությունը. պետականության կոլապսի ուրվականը
«Ցավում ենք, որ ՀՀ ղեկավարությունը գիտակցված որոշում է կայացրել ՌԴ-ի հետ վարել հարաբերությունների վատթարացման քաղաքականություն», «Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը շարունակելու հարցում Հայաստանի վերջնական որոշմանը. նրանք պետք է կողմնորոշվեն»:
Այս երկու հայտարարությունների հեղինակը Լավրովն է ու դրանք խիստ վտանգավոր ենթատեքստ են պարունակում Հայաստանի համար:
Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է, որի հիմնական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, հատկապես իր վերջին հայտարարություններով, որոնցով նա ազդարարեց, թե «Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին»:
Հատուկ մանիպուլյացիայի սիրահարների համար արձանագրեմ, որ ես սկզբունքորեն մերժում եմ «մետությունը» և բալանսավորված քաղաքականության հետևողական կողմնակից եմ ու պնդում եմ, որ, այո՜, Փաշինյանը գիտակցված որոշման արդյունքում է գնում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման (ինձ համար բացարձակ միևնույն է, որ այս պնդումն անում է նաև Լավրովը, ով ընդամենը փաստն է արձանագրել)՝ դիվերսիֆիկացիայի փոխարեն նախընտրելով ստրատեգիական կողմնորոշման փոփոխության արկածախնդիր քաղաքականությունը:
Մյուս հատուկ արձանագրումս վերաբերում է միջազգային հարաբերություններից չհասկացող մարդկանց, ովքեր մի քանի օր շարունակ պնդում են «արտաբլոկային» Հայաստանի առավելությունները:
Այս մարդիկ չեն հասկանում, որ ներկայիս Հայաստանը զրոյական դերակատարություն ունի գլոբալ, անգամ տարածաշրջանային գործընթացների վրա ու, ցավոք, «արտաբլոկային» հեռանկարը դուրս է մեր ինքնուրույն որոշման տիրույթից:
Եվ ուրեմն, Փաշինյանի շրջադարձը Հայաստանի համար ոչ թե կոմֆորտ չեզոքություն է ապահովելու, այլ նրան դարձնելու է աշխարհաքաղաքական սուր մրցակցության կռվախնձոր:
Փաշինյանի գիտակցված հակառուսականությունն ընդամենը մեկ նպատակ ունի. նրա պրովինցիալ մտածողությունը միայն այս ճանապարհն է հնարավոր համարում Արևմուտքի «սիրելին» դառնալու համար:
Արևմուտքի համար կարևոր է ոչ թե արդյունքը, այլ բուն գործընթացը, որի նպատակը տարածաշրջանում Ռուսաստանի և նաև Իրանի ազդեցության թուլացումն է: Ինչպիսին կլինի «արդյունքը», մանավանդ՝ Հայաստանի ճակատագրի մասով, արևմտյան շահախմբերին բացարձակապես չի հետաքրքրում:
Կրկնվում է 1918-20թթ-ի սցենարը, վերցրեք հայոց պատմության որևէ ձեռնարկ ու թերթեք 100 տարվա վաղեմության իրադարձությունները նկարագրող էջերը:
Լավրովի ամենավտանգավոր արտահայտությունը «ՀՀ ղեկավարության գիտակցված որոշում» ձևսկերպումն է:
Սա նշանակում է՝ Մոսկվան այլևս մանևրելու հնարավորություն չի տալիս Հայաստանին՝ արագացնելով Փաշինյանի կողմից «պատմական» որոշման կայացումը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը մտածված կերպով իրեն ազատում է պատասխանատվությունից՝ դրանից բխող վտանգավոր հետևանքներով:
Երեկ էլ ԵՄ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը բաց տեքստով Հայաստանին հուշել է՝ ում դուռը ծեծել անվտանգության երաշխիքներ ստանալու համար: Հենց սա էր թաքնված Կլաարի հայտնի ձևակերպման տակ, որով Թուրքիան հռչակվում էր «ռեգիոնալ լիդեր», որը տրամաբանորեն պետք է ապահովի Հայաստանի «ազատագրումը ռուսական լծից»:
Էրդողանի երաշխիքների հետևանքը լինելու է հայկական պետականության շնձահեղձումը թուրք-ադրբեջանական աքցանի մեջ, լավագույն դեպքում՝ տարածքային կորուստներով ռուսական գուբերնիայի տխուր հեռանկարը, եթե Մոսկվան և Անկարան վերանայեն իրենց 1921թ-ի պայմանավորվածությունները՝ ռեգիոնալ նոր բալանսի համատեքստում:
Սա է դաժան իրականությունը:
Փաշինյանը բալանսավորված քաղաքականության, հայ- ռուսական և հայ-թուրքական նոր որակի հարաբերությունների հաստատմամբ Հայաստանի պետականության լինելությունը երաշխավորելու փոխարեն՝ ընտրել է մեր պետականության կոլապսի ճանապարհը»։