Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ.

«Ապրելու երկիրը» պատրաստվում է սկսել քաղաքական և իրավաբանական խորհրդակցություններ` ՍԴ դիմելու ուղղությամբ

152
Հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ., 23:30
«Ապրելու երկիրը» պատրաստվում է սկսել քաղաքական և իրավաբանական խորհրդակցություններ` ՍԴ դիմելու ուղղությամբ

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը տեղեկացնում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առնվազն 2022թ․ հոկտեմբերից քարոզում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ գաղափարներ, որոնք էական վնաս են պատճառում Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։
Մասնավորապես, այդ կուսակցության գործողությունների արդյունքում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ամբողջական կորուստ, Հայաստանի Հանրապետության տարածքային կորուստները համարվում է սահմանազատման քննարկման առարկա, կասկածի տակ է դրվում ինքնիշխանության բազմաթիվ ատրիբուտներ։ Սահմանադրությամբ նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը այդ կուսակցության քարոզչության շրջանակներում նույնպես դառնում է քննարկման առարկա։
Այդ կուսակցության քարոզչությունն ակնհայտ է, որ սպասարկում է այլ պետության կամ պետությունների շահեր, որը հակասում է Սահմանադրությամբ ամրագրված և փոփոխման ենթակա չհամարվող ինքնիշխանության նորմին։
Նման վարքագիծ են դրսևորում առնվազն ևս երկու կուսակցություններ՝ իրենց քարոզչության ընթացքում։
Թեև հայ ժողովուրդը և հայոց պատմությունը կտան իրենց արժանի գնահատականը նման կուսակցություններին, սակայն կարևորում եմ՝ որպես իրավական պետություն, ունենանք նաև իրավական գնահատական։
Առաջիկայում պատրաստվում ենք սկսել քաղաքական և իրավաբանական խորհրդակցություններ Սահմանադրական դատարան դիմելու ուղղությամբ՝ Սահմանադրության 46-րդ հոդվածի 4-րդ մասի և Կուսակցությունների մասին օրենքի 33-րդ հոդվածի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 85-րդ հոդվածի համաձայն՝ արգելելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունը։
Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ գործող բոլոր քաղաքական ուժերի գործունեությունը պետք է բացառվի»։

Աղբյուրը`   Մեսրոպ Առաքելյան