Երևան`   +19 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ.

«Բեռլինում ԱԳ նախարարները հենց խաղաղության պայմանագրի շուրջ են բանակցելու». Սարգիս Խանդանյան

116
Չորեքշաբթի, 28 փետրվարի, 2024 թ., 12:48
«Բեռլինում ԱԳ նախարարները հենց խաղաղության պայմանագրի շուրջ են բանակցելու». Սարգիս Խանդանյան

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ հարցերին պատասխանել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը․ «Խաղաղության պայմանագրի բանակցությունները շարունակվում են, այսօր և վաղը Բեռլինում արտաքին գործերի նախարարները հենց խաղաղության պայմանագրի շուրջ են բանակցելու, ըստ արդյունքների՝ կարող ենք գնահատական տալ, թե ի՞նչ փուլում ենք։ Գիտեք, որ առաջարկների 7-րդ ռաունդն է եղել, այսօր և վաղը արտգործնախարարները կաշխատեն տեքստի վրա, որից հետո կհասկանանք՝ առաջընթաց գրանցո՞ւմ են այս բանակցությունները, թե՞ էլի լրացուցիչ բանակցությունների կարիք կա»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա:
Հայաստանի պաշտոնյաները սկզբունքային կետերի շուրջ բանակցություններում անընդհատ հետընթացից են խոսում, ինչի՞ մասին է խոսքը հարցին՝ Խանանդյանը պատասխանել է․ «Ես ենթադրում եմ, որ բանակցությունների ընթացքում և տեքստի շուրջ աշխատանքներում եղել են որոշակի հոդվածներ կամ դետալներ, որոնք համաձայնեցված են եղել, բայց հետագայում Ադրբեջանը հետ է կանգնել այդ համաձայնություններից։ Բացահայտում չէ, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր չի և իսկապես բանակցությունների ընթացքում բանակցված և համաձայնեցված մի շարք դետալներ հետագայում փաստաթղթում իրենց արձանագրումը չեն գտնում, բայց եթե մենք ելնենք այն կանխավարկածից, որ մեկ է՝ հույս չկա, ինչ էլ ստորագրվի, հետագայում լարվածությունը չի ավարտվելու, ապա բանակցությունների իմաստ չկա։ Իսկ մեր բանակցությունների ամբողջ իմաստն այն է, որ լարվածությունը նվազեցվի և բանակցային համագործակցության որոշակի շրջանակ ձևավորվի, որից հետո հնարավոր կլինի տարածաշրջանում կայունություն ձևավորել»,- ասել է Սարգիս Խանդանյանը:

«Բեռլինում ԱԳ նախարարները հենց խաղաղության պայմանագրի շուրջ են բանակցելու». Սարգիս Խանդանյան