Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ.

««Սրբազան կովերի» դոգմատիկայից պրծում չկա». Հակոբ Բադալյան

154
Ուրբաթ, 23 փետրվարի, 2024 թ., 21:48
««Սրբազան կովերի» դոգմատիկայից պրծում չկա». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Սրբազան կովերի» դոգմատիկայից պրծում չկա: Օրինակ, եթե հանկարծ մի երկու ավելորդ հարց կամ դիտարկում ունես Ֆրանսիայի առնչությամբ Հայաստանում ձևավորվող սպասումների առումով, ուրեմն «ինչ որ մի բան այն չէ», ուրեմն դու ասում ես «գրողի ծոցը» Ֆրանսիան:
Կրկնեմ, ամենացավալին այն է, որ այդ ընկալումներն ու մտածողությունը «գեներացվում» է հատկապես այն շրջանակներիից, որոնք պետք է անեն, թերևս, լիովին հակառակը և մեր հանրային մտածողությունում ներդնեն որևէ հարց քննության ենթարկելու, որևէ՝ հատկապես հնչեղ ու կարևոր հարց առանց «սրբազան կով»-ությունների քննարկելու մշակույթը:
Էստեղ զուտ հարցը լոկ այդ մշակույթի ներդրումը չէ: Հարցն այն է, որ հենց այդ մշակույթի կրող հասարակության առկայությունն է նաև Հայաստանի պետական սուբյեկտության բարձր աստիճանի առանցքային գրավականը: Եթե հասարակությունները որեւէ արտաքին կամ ներքին քաղաքական թեմայի վերաբերում են այդ «անքննարկելի սրբազնատենչությամբ», դառնում են պարզունակ, ըստ այդմ՝ լիովին անպաշտպան այն տեղեկատվա-քարոզչական ալիքների հանդեպ, որ ժամանակակից հանրությունների գլխին լցվում են բոլոր կողմերից:
Իսկ երբ հանրություններն ունեն քննարկելիության, հարցերի քննության մշակույթ, նրանք դառնում են ավելի բարդ հասարակություններ, հետևաբար դադարում են լինել հեշտ մանիպուլյացվող, հեշտ կառավարելի: Ըստ այդմ էլ, առնվազն տվյալ մասով բարձրանում է նաև պետության սուբյեկտությունը, որովհետև այդ պետության հետ կապված որևէ շահ և հաշվարկ ունեցող որևէ դերակատար շատ ավելի լրջորեն է հաշվի նստելու հանրության հետ, որը «սիրում» է ոչ թե ականջներով, այլ՝ քննում է ուղեղով:
Հենց այդպիսի հանրային օրգանիզմ կերտելը պետք է լինի առաջատար խմբերի առաքելությունը, այլ ոչ թե «սրբազան կովերի» առատություն ստանալը»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան