Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 12 մայիսի, 2024 թ.

«Բևեռային գայլի» բանտարկյալը պատմել է Նավալնիի մահվան մասին

513
Կիրակի, 18 փետրվարի, 2024 թ., 19:00
«Բևեռային գայլի» բանտարկյալը պատմել է Նավալնիի մահվան մասին

IK-3 «Բևեռային գայլ» քրեակատարողական գաղութում, որտեղ պահվում էր քաղբանտարկյալ Ալեքսեյ Նավալնին, տագնապալի իրադարձություննեն սկսվել են հինգշաբթի՝ փետրվարի 15-ի երեկոյան, ինչը նշանակում է, որ ընդդիմադիրը կարող էր մահանալ շատ ավելի վաղ, քան հայտնել են ռուսական իշխանությունները։
Այս տեղեկությունը տարածել է Novaya Gazeta Europe լրատվականը՝ վկայակոչելով նույն գաղութում գտնվող մեկ այլ բանտարկյալի։
Նավալնիի մահվան վկայականում նշվում է, որ ընդդիմադիրը մահացել է ուրբաթ՝ փետրվարի 16-ին, ժամը 14:17-ին։ Այս մասին անհավանական արագությամբ պաշտոնական հայտարարություն է տարածել Դաշնային պատժիչ ծառայությունը (FSIN)՝ արդեն նույն օրը ժամը 14:19-ին։ Ամենայն հավանականությամբ, քաղբանտարկյալը մահացել է նախորդ օրը։
IK-3-ում իր պատիժը կրող բանտարկյալը պնդում է, որ փետրվարի 15-ի նախորդ գիշերը գաղութում սկսվել է «անհասկանալի իրարանցում»։ Նրա խոսքով՝ երեկոյան պարտադիր ստուգումը «չափազանց արագացված է անցել, որից հետո բանտարկյալներին փակել են բարակներում՝ խիստ անվտանգության պայմաններում։ Լսվել է նաև, որ այդ գիշեր բազմաթիվ մեքենաներ են մտել տարածք։
Փետրվարի 16-ի ուրբաթ առավոտյան, ըստ դատապարտյալի, գաղութի աշխատակիցները «տոտալ խուզարկություն» են իրականացրել իբր տեսչության անսպասելի ժամանման պատճառով։ Գաղութում վերահսկողության միջոցառումները սովորական երևույթ են, սակայն նախկինում դրանց մասին առնվազն մեկ ամիս առաջ ծանուցվում էր։
Աղբյուրը պնդում է, որ Նավալնիի մահվան մասին սկսել են խոսել գաղութում փետրվարի 16-ի առավոտյան ժամը 10-ից։ Շտապօգնության մեքենան հայտնվել է «Բևեռային գայլ»-ում այն ​​բանից հետո, երբ իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, որ ընդդիմադիրը մահացել է։
Նշենք, որ դաշնային քրեակատարողական ծառայության տվյալներով՝ Նավալնին, իբր, վատացել է փետրվարի 16-ին զբոսանքի ժամանակ, և բժիշկները չեն կարողացել փրկել նրան։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ բժիշկները գաղութ են ժամանել հարևան քաղաքից՝ կանչից 7 րոպե անց։ Սա անհնար է։ Նման ճանապարհը 7 րոպեում հաղթահարելու համար շտապօգնությունը պետք է ընթանար 300 կմ/ժ արագությամբ։