Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ.

Զինծառայողի սպանության գործով կա կալանավորված

595
Ուրբաթ, 12 հունվարի, 2024 թ., 11:36
Զինծառայողի սպանության գործով կա կալանավորված

2024թ․ հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում պայմանագրային զինծառայող, մարտական դիրքի պատասխանատու Կ․Կ-ի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:
Մասնավորապես քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ դեպքից առաջ ծառայակիցների՝ դիրքի պատասխանատու Կ․Կ-ի և մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողներից մեկի՝ Ն․Խ-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հարցի շուրջ։
Դիտորդի ծառայությունը հանձնելուց հետո ժամկետային զինծառայողը մտել է գետնատնակ և իրեն ամրակցված ինքնաձիգից կրակահերթ է արձակել այնտեղ գտնվող Կ.Կ-ի ուղղությամբ՝ նրան պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։
Ն․Խ-ն նույն օրը ձերբակալվել է։ Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների բավարար համակցության հիման վրա ժամկետային զինծառայողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուրը`   ՀՀ ՔԿ