Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ.

«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ունենք դեպքերի աճ». վարչապետ

159
Հինգշաբթի, 11 հունվարի, 2024 թ., 15:24
«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ունենք դեպքերի աճ». վարչապետ

Վարչապետ Փաշինյանը հունվարի 10-ին այցելել է Ներքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Ի թիվս այլ թեմաների, նշվել է, որ 2023-ի 11 ամիսների ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվն աճել է 2.354-ով կամ շուրջ 2,5 անգամ (1.445-3.799), որից 2.287-ը թմրամիջոցների իրացման դեպքեր են: Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է համացանցի միջոցով իրականացվող թմրամիջոցների անօրինական շրջանառության 465 դեպք, որից 126-ը՝ իրացման դեպքեր են, իսկ 339-ը՝ ձեռքբերման։ Հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 «խանութ» և 35 «ալիք»։

Փաշինյանն անդրադարձել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին և նշել. «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ունենք դեպքերի աճ, ինչը նշանակում է նաև բացահայտման ցուցանիշի աճ։ Այստեղ կա բանավեճ, ավելի ճիշտ ոչ թե բանավեճ, այլ փաստարկներ։ Մեր գործընկերների մի մասն ասում է, որ եթե մենք առավել արդյունավետ պայքարելիս լինեինք թմրամիջոցների դեմ, դա պիտի պաշտոնական վիճակագրության մեջ արտահայտվեր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների աճի թվով։ Բայց ես չեմ կարող չհամաձայնել նաև նրա հետ, որ, այնուամենայնիվ, այն եզրակացությունն էլ, որ եթե այդքան բացահայտում ենք՝ նշանակում է՝ շատ է:

Այստեղ Ոստիկանության և քննչական մարմինների գործառույթն, իհարկե, պարզ է՝ բացահայտել, բայց նախ կիբեռտարածքում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հանցավորությունների և հարաբերությունների այս խնդրի հետ առնչվելու ռազմավարություն է պետք ունենալ: Երկրորդը, խնդրի հետ առնչվող միջգերատեսչական աշխատանքային խումբ է պետք ստեղծել, որպեսզի նրանք ինչ-որ առումով թիմային պատասխանատվություն ունենան: Հաջորդը, ես շատ եմ կարևորում կինոլոգիական ծառայության զարգացումն այս առումով: Եվ պետք է շատ հրատապ և առաջնային այս կոմպլեքս մոտեցմամբ գնալ առաջ»: