Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Պատմությամբ հաստատված փաստ է՝ Աղդամի ճանապարհը ճանապարհ է դեպի Սումգայիթ». Արցախի անվտանգության և զարգացման ճակատ

839
Ուրբաթ, 14 հուլիսի, 2023 թ., 19:24
«Պատմությամբ հաստատված փաստ է՝ Աղդամի ճանապարհը ճանապարհ է դեպի Սումգայիթ». Արցախի անվտանգության և զարգացման ճակատ

Արցախի անվտանգության և զարգացման ճակատը հանդես է եկել հայտարարությամբ. «Հուլիսի 14-ին Ստեփանակերտում երկրի իշխանությունների կողմից հրատապ հրավիրված հանրահավաքը՝ անդառնալիության շեմին հասած Արցախում օրեցօր ուժգնացող մարտահրավերները արժանապատվությամբ հաղթահարելու և ինքնորոշման իրավունքի համար պայքարը շարունակելու բացառիկ հնարավորություն կարող էր դառնալ:
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը, երկրի համար բախտորոշ այս օրերին պայքարի իր բանաձևը բազմիցս հնչեցրել է և պատրաստակամություն հայտնել՝ կանգնել յուրաքանչյուրի կողքին, ում պարզած պաստառին գրված է՝ «Ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախ»: Հենց այս դիրքորոշմամբ շարժման մասնակիցներն առաջիններից էին, որ արձագանքեցին համաժողովրդական հանրահավաքի կոչին, սակայն ստիպված ենք ափսոսանքով արձանագրել, երկրի իրական վիճակի ու հանրահավաքին հնչած ուղերձների անհամաչափության փաստը:
Մենք անընդունելի ենք համարում, որ այս պատասխանատու իրավիճակում Արցախի Հանրապետության Նախագահն իր խոսքը չուղղեց ժողովրդին և նման օրհասական պահին նրա լռությունն արդարացված չէր:
Հանրահավաքին կոչ հնչեց ուղղված բոլորին, բացի ՀՀ կառավարությանը, որը փաստացի ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս:
Ոչ մի ուղերձ չհնչեց վաղը Բրյուսելում սպասվող բանակցություններին ընդառաջ:
Դատապարտելի ենք համարում, որ չհնչեց որևէ խոսք ի աջակցություն Արցախի իրավունքները պաշտպանող ՀայաՔվեի գործընթացի:
- Մենք չենք կարծում, որ մինչև վերջ անկեղծ զրույց գնաց ժողովրդի հետ: Անընդունելի ենք համարում հուսահատության տանող տրամադրություններ սերմանելը. 90-ականներին մենք շատ ավելի բարդ իրավիճակներ ենք հաղթահարել և դա հաջողվել է անվերապահ միասնության շնորհիվ:
Այս համատեքստում հայտարարում ենք, որ մեզ համար կարմիր գիծ է՝ Ադրբեջանի կողմից առաջարկվող Աղդամ-Ստեփանակերտ երթուղին, և մենք թույլ չենք տալու հատել այն, որովհետև պատմությամբ հաստատված փաստ է՝ Աղդամի ճանապարհը՝ ճանապարհ է դեպի Սումգայիթ»: