Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը, ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ վերահսկողության տակ է». վարչապետ

487
Երեքշաբթի, 20 հունիսի, 2023 թ., 11:00
«Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը, ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ վերահսկողության տակ է». վարչապետ

«Շուշիի սողացող անկումը սկսվեց, երբ ահագնացող լուրեր էին գալիս, որ հակառակորդի առաջին խումբն է մտել, հետո երկրորդ, ու այդպես շարունակ: Ի վերջո, նոյեմբերի 7-ի կեսօրին, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը զեկուցեց Շուշիի անկման մասին»,- ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ լուրը ծանր էր իր համար. «Իմ բոլոր հրամաններում ասել էի, որ Շուշին պետք է պահվի ու ստացել էի հավաստիացում, որ կպահվի»,- նշեց նա: «Շուշիի անկման լուրը լսելով՝ առաջին արձագանքս պահանջն էր՝ կատարե՛ք ինչ խոստացել եք: Ի վերջո ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո՝ որ օպերացիան հաջող է ընթանում, հետո՝ որ Շուշիի ներսում ենք: Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը, ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ վերահսկողության տակ է»,- հայտարարեց ՀՀ վարչապետը: Նա նշեց, որ եռակողմ հայտարարության ստորագրման շուրջ բանակցությունները սկսվել են նոյեմբերի 6-ին. «Ես համաձայնեցի՝ պայմանով, որ դրանում չլինեն Շուշին ու ՀՀ տարածքով միջանցքի դրույթը: Հասկանում էի, որ հասել ենք շրջադարձային կետի: Նոյեմբերի 9-ի առավոտյան ես ստորագրեցի տեքստը: Պարզվեց, որ Ադրբեջանը այն չի ստորագրում ու առաջ է քաշում պահանջներ, սա նշականում էր, որ իմ ստորագրածն այլևս ուժի մեջ չէ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ կեսգիշերին լուրեր ստացվեցին մարտական գործողությունների ակտիվացման մասին. «Ի վերջո բարդ, տևական քննարկումից հետո ստորագրեցի այն փաստաթուղթը, որը հայտնի է բոլորին»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ Շուշիի անկման դրվագի հետ կապված քրգործեր են հարուցված:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետը մասնակցում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին: