Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Անընդունելի ենք համարում». ԱԺԲ-ն նամակ է հանձնել Տոյվո Կլաարին

1061
Երեքշաբթի, 06 հունիսի, 2023 թ., 21:30
«Անընդունելի ենք համարում». ԱԺԲ-ն նամակ է հանձնել Տոյվո Կլաարին

Բևեռն այսօր՝ հունիսի 6-ին, ՀՀ-ում ԵՄ գրասենյակ նամակ է հանձնել Հարավային Կովկասի հարցերով Եվրոմիության
հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին.
«Հարգելի պարոն Կլաար,
Ազգային - Ժողովրդավարական Բևեռը բացարձակապես անընդունելի է համարում վերջին շրջանի հայ-ադրբեջանական հարաբերությունների, Արցախի հիմնախնդրի լուծման առնչությամբ Արևմուտքի կողմից հնչեցված մի շարք վտանգավոր մեկնաբանություններն ու այսօրվա բանակցությունների ուղղությունը։
Ստիպված ենք հիշեցնել Մինսկի խմբի համանախագահող երկրներին, ինչպես նաև Եվրոմիությանը, որ Արցախի մեր 120 000 հայրենակիցները ներկայումս ցեղասպանական էթնիկ զտման վտանգի և պատանդառման պայմաններում են գտվում, իսկ համաձայն ԱՄՆ նախագահ Ջ. Բայդենի 2021 թ. ապրիլի 24-ի ուղերձի, ԱՄՆ-ն վերահաստատել է իր հանձնառությունը՝ կանխարգելելու հայկական ցեղասպանության երբևէ կրկնելու որևէ փորձ:
Նշենք նաև, որ հայ ժողովուրդը չի ընդունում և չի կիսում Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ Արցախի հարցի լուծման և խաղաղության պայմանագրի՝ հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման և սահմանագծման մասին նրանց պատկերացումները, այլ հակառակը՝ մենք վստահ ենք, որ այս քաղաքականությունը տարածաշրջանում ոչ թե բերելու է տևական խաղաղություն և բարեկեցություն, այլ հղի է մոտ ապագայում նոր պատերազմով, ինչը հայ ժողովրդի և Հայաստանի համար կարող է լինել կործանարար ու ցեղասպանական՝ հաշվի առնելով տարիներ շարունակ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի ու հատկապես 2020 թվականին Արցախում ռուս-ադրբեջանական սանձազերծած 44 օրյա պատերազմից հետո խախտված ռազմական հավասարակշռության պայմաններում նախագահ Ալիևի չդադարող ռազմատենչ հայտարարությունները և, օրըստօրե է՛լ ավելի սաստկացող հռետորաբանությունն ու սպառնալիքները՝ իրենց չենթարկվելու դեպքում մեկ անգամ ևս ուժի կիրառմամբ խնդիրը լուծելու ու ռազմական միջոցով պարտադրելու իր կամքը։
Հիշենք, որ խոսքը գնում է Ալիլևյան ռեժիմի մասին, որը ոչ միայն դիմեց Արցախում ուժի կիրառման ու ռազմական ագրեսիայի միջոցով հարցի վերջնական լուծման, խախտելով իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները՝ տրված միջազգային կառուցներին և մասնավորապես Մինսկի խմբին, այլ մի բռնատիրական ռեժիմի մասին, որն անգամ իր երկրում կատարել և շարունակում է իրականացնել բռնաճնշումներ այնտեղ ապրող էթնիկ փոքրամասնությունների հանդեպ, մարդու իրավունքների և ազատությունների բազմաթիվ խախտումներ, որոնց համար մեկ անգամ չէ, որ արժանացել է Եվրոպառլամենտի կողմից դատապարտող որոշումների։
Ուստի Ազգային Ժողովրդավարական Բևեռը գտնում է, որ ստեղծված իրավիճակում Արևմուտքը և Մինսկի խմբի համանախագահող երկրները, մասնավորապես ԱՄՆ-ն և Ֆրանսիան, համաձայն իրենց ստանձնած պարտավորությունների, հաշվի առնելով Արցախում հայ ժողովրդի էթնիկ զտման, հայ ժողովրդի մի հատվածին իր հայրենիքից հերթական անգամ հայրենազրկման ու ցեղասպանման իրական վտանգը, պետք է վերահաստատեն իրենց պատրաստակամությունը՝ հարցը լուծելու ոչ թե հօգուտ ռազմական ագրեսիայով Բաքվի պահանջների բավարարման, այլ հայ-ադրբեջանական շփման գծում ռազմա-քաղաքական միջամտություն իրականացնելով՝ ի դեմս միջազգային խաղաղապահ զորքերի տեղակայման։
Շարունակելով համոզված լինել, որ Արեւմուտքի և Հայաստանի ռազմավարական շահերը մեր տարածաշրջանում համընկնում են և ենթադրում Թուրքիայի և Ռուսաստանի ներկա ագրեսիվ ավտորիտար ռեժիմների զսպում՝ մենք գտնում ենք, որ առանց Հայաստանի արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձի դեպի Արևմուտք մենք չենք կարող ապահովել ռազմա-քաղաքական խախտված հավասարակշռության կայուն և տևական վերականգնումը:
Մենք նաև գիտակցում ենք, որ մարտավարական շահերից ելնելով՝ Արևմուտքը փորձում է հնարավորինս անցնցում ապահովել տարածաշրջանից ռուսական զինված ուժերի դուրսբերումը, որը հնարավոր է միայն կայունության և խաղաղության պայմաններում, սակայն պետք է շեշտել, որ վերջինս չի կարող տեղի ունենալ հայկական ռազմավարական շահերի հաշվին։
Մեկ անգամ ևս նշենք, որ կայուն անվտանգային ճարտարապետության հաստատման անհրաժեշտ պայմանը ռազմա-քաղաքական հավասարակշրության հաստատումն է, որը ցավոք բանակցությունների ներկա ընթացքը ոչ միայն չի ապահովում, այլև պայմաններ է ստեղծում գնալով խորացող անհավասարակշռության համար, որը իրապես հղի է Արցախի հայ բնակչության էթնիկ զտումով, որն իր հերթին էքզիստենցիալ հետևանքներ կունենա հայոց պետականության համար:
Շահերի վերոհիշյալ հնարավոր հակասությունը իրական հիմքեր է ստեղծում մեծ տարածաշրջանային պատերազմի բռնկման համար, ուստի միակ երաշխիքը իրատեսական քաղաքականությունն է, որը հաշվի կառներ Բաքվում հաստատված ռեժիմի բռնատիրական բնույթը և ավելորդ հույսեր չէր տածի, որ այն ի վիճակի կլինի ապահովել հայերի անվտանգությունը և իրավունքները՝ առանց միջազգային խաղաղապահ ուժերի ներկայության:
Հարգանքներով՝
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ»: