Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

820 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից. շրջափակման 89-րդ օրվա ամփոփում

1453
Ուրբաթ, 10 մարտի, 2023 թ., 17:42
820 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից. շրջափակման 89-րդ օրվա ամփոփում

Պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիների համար կառուցվող տների շինարարությունը գրեթե դադարեցված է
Արցախի Հանրապետության պետբյուջեի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում կառուցվող 107 առանձնատների շինարարությունը, շրջափակմամբ պայմանավորված, գրեթե դադարեցված է։

Առանձնատների մեծ մասի շինարարությունն ավարտման փուլում է, բայց շինանյութի պակասի պատճառով այս պահի դրությամբ աշխատանքները, ինչպես նաև արտաքին ենթակառուցվածքների կառուցումը, գրեթե չեն իրականացվում։ Եթե չլիներ շրջափակումը, ապա առաջին 40 առանձնատները շահագործման կհանձնվեին արդեն իսկ անցած տարեվերջին և 2023 թվականի սկզբին։

Ադրբեջանցիների կողմից արգելափակված ճանապարհի բացվելու դեպքում թաղամասի շինաշխատանքները կվերսկսվեն, և շատ կարճ ժամկետում կառուցված առաջին տները կհանձնվեն շահագործման։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտի 8֊ի ժամը 21։30-ից մարտի 9-ի ժամը 04։15-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, Ասկերանի և Քաշաթաղի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Արցախի ԱԳՆ-ն տարածել է մեկնաբանություն՝ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության վերաբերյալ

Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն այն մասին, թե իբր նույն օրը՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ուղեկցությամբ, Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհով անցել է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյուն։

Այս կապակցությամբ հարկ ենք համարում ընդգծել, որ Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում և հանդիսանում է ադրբեջանական կողմի՝ միջազգային հանրությանը մոլորեցնելուն ուղղված հերթական կեղծիք:
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է զեկույց Ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից 2023 թվականի մարտի 5-ին իրականացված ահաբեկչական գործողության մասին։

Զեկույցը պատրաստվել է բաց և փակ տարբերակով՝ հայերեն և անգլերեն։ Այն ուղարկվել է միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան կառույցներին։
Արցախի կառավարությունում մի շարք կադրային փոփոխություններ են կատարվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 8-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնց համաձայն՝ Հրանտ Սաֆարյանն ազատվել է ԱՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: ԱՀ գյուղատնտեսության նախարար է նշանակվել Գեորգի Հայրիյանը:

Արմեն Մանգասարյանն ազատվել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնից, և նախարար է նշանակվել Վահրամ Առաքելյանը:

Արամ Սարգսյանն ազատվել է ԱՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնից: ԱՀ քաղաքաշինության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանին:

Հանրապետության նախագահի ավելի վաղ հաստատած Կառավարության որոշումների համաձայն՝ Գեորգի Հայրիյանն ազատվել էր ԱՀ ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից, որի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արարատ Խաչատրյանին, իսկ Վահրամ Առաքելյանն ազատվել էր ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալի պաշտոնից:
Օրվա վիճակագրական թարմացումներ
Արդեն 338 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 820 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 153 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում:
755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 6,400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 35,600 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը՝ շուրջ 2,530 տոննա ապրանք՝ գերակշիռ մասը սնունդ ու դեղորայք:

Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 160 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով ավելի քան 17 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը: