Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի պահանջը». Թագուհի Թովմասյան

1001
Ուրբաթ, 24 փետրվարի, 2023 թ., 13:18
«Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի պահանջը». Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Արցախի շրջափակման 75-րդ օրն է։ Ինչպես գիտենք, արցախահայության համար այս ծանրագույն փուլում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2023թ. փետրվարի 22-ին հրապարակեց արդարամիտ որոշում․ Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների առնչությամբ Դատարանն արձանագրեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը Լաչինի միջանցքով խաթարվել է։

Լաչինի միջանցքով տեղաշարժի խափանումը խոչընդոտել է Լեռնային Ղարաբաղում հոսպիտալացված հայ ազգային կամ էթնիկական պատկանելիություն ունեցող անձանց Հայաստանի բժշկական հաստատություններ անհետաձգելի բժշկական օգնության համար տեղափոխմանը, խոչընդոտներ են առկա Լեռնային Ղարաբաղ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման համար՝ առաջացնելով սննդի, դեղորայքի և կյանքի համար անհրաժեշտ այլ բժշկական պարագաների պակաս:

Դատարանը բավարարեց Հայաստանի՝ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին՝ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության 59-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանի որոշումը պարտադիր է միայն գործին մասնակցող կողմերի համար և միայն տվյալ գործով:

Կանոնադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ Որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Ադրբեջանը, սակայն ոտնահարում է նույնիսկ ՄԱԿ-ի հիմնական դատական մարմնի կանոնադրության առանցքային դրույթները.

Արդարադատության միջազգային դատարանի վերոնշյալ որոշումից անցել է արդեն շուրջ 2 օր, սակայն Ադրբեջանը գործում է հերթական հանցագործությունը՝ շարունակելով արգելափակել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։

Հրատապ գրություն եմ ուղարկել միջազգային բոլոր գործընկերներիս՝ ահազանգելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ և խնդրելով իրենց մանդատի շրջանակներում.

նպաստել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման կատարմանը,

ներկայացնել այս ուղղությամբ նրանց կողմից ձեռնարկված կամ ձեռնարկվելիք քայլերը»: