Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

424
Հինգշաբթի, 09 փետրվարի, 2023 թ., 11:49
Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ համաձայնություն է տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրին: 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 68-ը: Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, կողմ է քվեարկել 67 պատգամավոր:

Հիշեցնենք՝ ԱԺ-ը նախօրեին քննարկել էր պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը:

«Առաջարկության ներկայացման համար հիմք է հանդիսացել Գլխավոր դատախազությունում քրեական վարույթի ուսումնասիրությունը, որի արդյունքում պարզվել է, որ կատարված քննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքների առնչությամբ քրեական գործով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար»,- ԱԺ փետրվարի 8-ի նիստում ասել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Ըստ Աննա Վարդապետյանի՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ, որ Արմեն Չարչյանը, հանդիսանալով «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ գործադիր տնօրեն, ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, և ընդգրկված լինելով հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով Արթուր Ռոբերտի Սարգսյանին առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում որպես փորձագետ, 2017թ. փետրվարի 8-ին տվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացություն:

Գլխավոր դատախազը ներկայացրել էր կեղծ եզրակացության բովանդակությունը, Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդությունները, այդ թվում անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը (Բեխտերևի հիվանդությունը), Արթուր Սարգսյանին առաջադրված մեղադրանքները, մահվան պատճառ հանդիսացած հիվանդությունները, և հետմահու իրականացված դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները: Տեղեկացվել էր, որ նախաքննության ընթացքում հարցաքննվել են նաև փորձագետներ, որոնց նկատմամբ ևս հարուցվել են քրեական գործեր: