Արցախի Հանրապետության տարածքում ընտանի կենդանիների շրջանում «կատաղություն» հիվանդության դեպքեր են գրանցվել:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ Առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակաբանության տեսչության պետ Նարինե Մոսիյանն ասել է, որ լաբորատոր հաստատված դեպքեր կան կովերի շրջանում։ «Կատաղությունը սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է, որը մարդու մոտ արտահայտվում է կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ և, կլինիկական ախտանշանների առկայության դեպքում, ավարտվում մահով: Բնության մեջ վարակի հիմնական աղբյուր և պահոց են համարվում գիշատիչ կենդանիները՝ չղջիկները, առնետները, իսկ կենցաղում՝ ընտանի կենդանիները: Մարդու համար վարակի աղբյուր համարվում են հիվանդության գաղտնի շրջանում կամ կատաղության կլինիկական դրսևորումներով կենդանիները: Գաղտնի շրջանը որոշվում է վնասվածքի տեղակայմամբ ու ծանրությամբ և տատանվում է մի քանի օրից մինչև մեկ տարի և ավելի: Դեպքերի մեծ մասի գաղտնի շրջանը 1-3 ամիս է: Փաստագրվել է նաև 1 տարուց ավելի ինկուբացիոն շրջան»,-մանրամասնել է մասնագետը: Նրա իրազեկմամբ՝ վարակի փոխանցման մեխանիզմը մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ, որը դրսևորվում է մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտմամբ՝ կծելու, թքելու, ճանկռելու և այլնի արդյունքում: «Հիվանդության մինչև 99 տոկոսը մարդկանց է փոխանցվում շների միջոցով: Փոքր բաժին են կազմում վայրի կենդանիները (աղվես, շնագայլ և այլն): Այս առումով Առողջապահության նախարարության նպատակը բնակչության շրջանում կատաղության դեպքերի առաջացման ռիսկի կանխարգելումն է: Հիվանդության համեմատաբար երկար գաղտնի շրջանը հնարավորություն է տալիս բարձր արդյունավետությամբ իրականացնելու կանխարգելիչ միջոցառումներ: Դրանք բաղկացած են վերքի մշակումից, կատաղության դեմ պատվաստումից՝ սահմանված դեղաչափերով, և, ըստ անհրաժեշտության, իմունոգլոբուլինի ներարկումից: Վերքի մշակումը համապատասխան վիրուսասպան նյութերով նվազեցնում է վերքի վիրուսային աղտոտվածությունը: Իսկ պատվաստման արդյունքում առաջացած հակամարմինները նվազեցնում են կատաղության վիրուսի՝ ծայրամասային նյարդեր ներթափանցման ռիսկը: Իմունոգլոբուլինի ժամանակին կիրառումն էլ չեզոքացնում է վնասված հյուսվածքներում առկա վիրուսները»,- հավելել է մեր զրուցակիցը: Ն.Մոսիյանը հավաստիացրեց՝ հայտնաբերված օջախները գտնվում են հսկողության տակ, իրականացվում են սանիտարահամաճարակային միջոցառումներ, ինչես նաև աշխատանքներ են տարվում վարակի ռիսկի ենթարկված այլ անձանց հայտնաբերման ուղղությամբ։ «Ցուցումների առկայության դեպքում՝ իրականացվում է համակցված չորս կուրս,պասիվ կանխարգելման նպատակով իմոնոգլոբուլինի ներարկում և հակակատաղության պատվաստում: Կատաղություն հիվանդության հարուցիչը լավ պահպանվում է ցուրտ պայմաններում, քայքայվում է թթուների ազդեցությունից, արագ ոչնչանում է մինչև 560 աստիճան ջերմաստիճանում տաքացնելիս: Պատվաստանյութերը չունեն հակացուցում: Հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել ընտանի կենդանիների խնամքի և պատվաստման կարգը՝ համաձայն անասնաբուժական ծառայության հրահանգների, վայրի կենդանիներին մոտ չթողնել ընտանի կենդանիների հոտին, գոմերին և այլն, տնտեսությունը սպասարկող անասնաբույժներին անհապաղ հայտնել կենդանիների՝ կատաղությամբ հիվանդ լինելու կասկածի կամ վայրի կենդանիների կողմից կծված լինելու մասին, մարդկանց կամ կենդանիներին կծած կենդանիների մասին անհապաղ տեղեկացնել անասնաբուժական ծառայություններին՝ կենդանու զննման և 10 օրվա ընթացքում մասնագետների հսկողությամբ կարանտինի ենթարկելու համար, չգնել և չխնամել շներ առանց անասնաբույժի տեղեկանքի՝ կատաղության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ, կենդանու կողմից հարձակման ենթարկվելու կամ կծածի դեպքում՝ անհապաղ դիմել բժշկի»,- ընդհանրացրել է մեր զրուցակիցը։