Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Սիրանուշ Սահակյանն ու Ռուբեն Մելիքյանը ստանձնում են դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերի պաշտպանությունը

568
Կիրակի, 05 փետրվարի, 2023 թ., 14:06
Սիրանուշ Սահակյանն ու Ռուբեն Մելիքյանը ստանձնում են դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերի պաշտպանությունը

«Իրավական ուղի» ՀԿ-ը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «ՍԻՐԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԵՎ ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ ՍՏԱՆՁՆՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՎՈՐ ԶԱՐՈՒՀԻ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հերթական միջնորդությամբ։
Միջնորդության փաստական հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա «իր դրական վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի առնչությամբ» և, ըստ արդարադատության նախարարի, հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Ա. Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։
Հիշեցնենք, որ ԲԴԽ 2022թ. դեկտեմբերի 26-ի որոշմամբ դատավոր Ա. Փիլոսյանի լիազորությունները դադարեցվել էին՝ գերբեռնվածության պայմաններում աշխատելիս չորս գործով վճիռները տևական ժամանակով ուշացնելու համար։
Հիշեցնենք նաև, որ Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Մելիքյանը 2021 թվականին Բարձրագույն դատական խորհրդի առջև ներկայացրել էին դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերը Արդարադատության նախարարության միջնորդությամբ երեք կարգապահական վարույթներով։ Միջնորդություններից երկուսը մերժվել էին, իսկ մեկը՝ բավարարվել, և դատավորին հայտարարվել էր խիստ նկատողություն»։