Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու

371
Հինգշաբթի, 02 փետրվարի, 2023 թ., 20:54
Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու

Արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-31-ին տեղի ունեցան Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջների վերաբերյալ լսումները: Երկու կողմերը հիմնավորեցին իրենց՝ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին պահանջները, դրանք հիմնավորող ապացույցները, այնուհետև առարկություններ ներկայացրեցին միմյանց պահանջների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Հայաստանը պահանջել էր կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝
• Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով:
• Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով:
• Ադրբեջանը պետք է անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։
Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կայացնելուց հետո Դատարանն այն ընթերցելու է բաց և առցանց հեռարձակվող նիստի ընթացքում։ Որոշումն ընթերցելու օրվա մասին Դատարանը կծանուցի կողմերին։ Համաձայն Դատարանի, որոշումը պետք է ընդունվի հնարավորինս արագ։