Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Մենք չենք հասկանում Ադրբեջանի նախագահի քննադատությունը». Ֆրանսիայի ԱԺ նախագահ

930
Երկուշաբթի, 16 հունվարի, 2023 թ., 10:30
«Մենք չենք հասկանում Ադրբեջանի նախագահի քննադատությունը». Ֆրանսիայի ԱԺ նախագահ

Ֆրանսիայի նպատակն է գործել՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացի, միջազգային հանրությանը միավորել՝ ի շահ խաղաղ կարգավորման, որը պետք է ներառի Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պահպանումը: Բացի այդ, Ֆրանսիան կարևորում է այն գործողությունների իրականացումը, որոնք կբերեն խաղաղության հաստատման, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի բացումը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն, որի գլխավորած պատվիրակությունն օրերս Երևանում էր:

- Տիկին Յաել Բրաուն-Պիվե, ինչպես հայտնել էիք Ձեր թվիթերյան գրառմամբ՝ Հայաստան եք եկել Ֆրանսիայի Ազգային ժողովի աջակցությունը վերահաստատելու նպատակով: Գիտեք՝ հիմա դժվարին ժամանակներ են հայ ժողովրդի համար. Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչի արդյունքում լուրջ հումանիտար խնդիրներ են ծառացել: Ի՞նչ դերակատարում կարող է ունենալ Ֆրանսիան՝ ստիպելու Ադրբեջանին բացել միջանցքը, միջազգային հանրության արձագանքն ինչպիսի՞ն պետք է լինի: Եվ ինչպե՞ս եք վերաբերվում Ֆրանսիայի հասցեին հնչեցված՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի քննադատություններին:

- Ես այստեղ եմ եկել խորհրդարանական պատվիրակությամբ, որպեսզի անցյալ տարվա նոյեմբերին մեր ընդունած բանաձևից հետո վերահաստատենք մեր համերաշխությունն ու եղբայրությունը Հայաստանին և Հայաստանի ժողովրդին: Ֆրանսիան խստորեն դատապարտել է Լաչինի միջանցքի փակումը, ինչպես նաև Հայաստանի տարածքային ամբողջականության ոտնահարումները: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի շրջանակներում երկու անգամ նախաձեռնել է Հայաստանի այս իրավիճակի վերաբերյալ հարցի քննարկում: Անցյալ տարվա հոկտեմբերին նրա նախաձեռնությամբ Պրահայում տեղի է ունեցել քառակողմ հանդիպումը, որի արդյունքում որոշակի համաձայնություն է ստացվել: Այսինքն՝ Ֆրանսիայի ջանքերը սահմանափակվում են ոչ միայն մեր հայտարարած, մեր ցուցաբերած համերաշխությամբ, այլ նաև շատ կոնկրետ գործողություններով՝ միջազգային ամենաբարձր մակարդակով, որոնց նպատակն է այս տարածաշրջանում վերահաստատել խաղաղություն: Հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած այս հանդիպման արդյունքներից մեկն է նաև ԵՄ-ի դիտորդական խմբի տեղակայումը Հայաստանի սահմանի երկայնքով, որը թույլ տվեց մեղմել լարվածությունը: Կարծում եմ, որ Եվրոմիության հետ պետք է շարունակել այս ուղղությամբ ջանքերը: Այդ առումով մենք չենք հասկանում Ադրբեջանի նախագահ Ալիևի քննադատությունը, որովհետև Ֆրանսիան միշտ ցանկացել է գործել՝ ի նպաստ խաղաղության հաստատման գործընթացի, ի նպաստ նրա, որ Հարավային Կովկասում իրավիճակը կայունանա, Հարավային Կովկասը դառնա կայուն տարածաշրջան: Եվ կարծում ենք, որ Ադրբեջանը նույնպես կիսում է խաղաղության հաստատման այս նպատակը, ուստի պետք է իրականացնել այն գործողությունները, որոնք կբերեն այդ խաղաղության հաստատմանը, մասնավորապես՝ բացել Լաչինի միջանցքը և ազատել ռազմագերիներին, որոնք դեռ պահվում են Ադրբեջանում: Մենք միշտ պատրաստ ենք քննարկել բոլոր կողմերի հետ, քանի որ կարծում ենք, որ միայն խաղաղությունը կարող է տարածաշրջանում ապահովել շարունակական կայունություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: