Արցախի կառավարության տեղեկագիր. շրջափակման 31-րդ օր
![]() Ադրբեջանական արգելքի պատճառով Արցախում շարունակվում են էլեկտրամատակարարման լայնածավալ անջատումները: Ադրբեջանական կողմը շարունակում է արգելել Արցախի մասնագետների մուտքը իրենց վերահսկողության տակ գտնվող Աղավնո-Բերձոր հատված, որտեղ հունվարի 9-ին՝ ժամը 14։35-ին տեղի է ունեցել Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի վթար։ Ինչ է դա նշանակում: Ձմեռային ցուրտ եղանակի և ձյան առատ տեղումների պայմաններում կանոնավոր ու լայնածավալ հոսանքազրկումներն էլ ավելի են խորացնում շրջափակման պատճառով առաջացած հումանիտար աղետը: Որպես հետևանք՝ տասնյակ հազարավոր մարդիկ բախվել են ջեռուցման և այլ կենսական կարիքների բավարարման լրացուցիչ ու էական դժվարությունների ու զրկանքների: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝ «Վիճակ հիպոֆիզի մակրոադենոմայի հեռացումից հետո, ակրոմեգալիա, դիֆուզ խպիպ», «Վիճակ լյարդի փոխպատվաստումից և քիմիոթերապիայից հետո» և «Վահանաձև գեղձի պապիլյար կարցինոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հունվարի 10-ին երեք հիվանդները տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչ է դա նշանակում: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կառավարության գործակալների կողմից արգելափակելու պատճառով ծանր վիճակում գտնվող և ՀՀ-ում բուժում ստանալու անհրաժեշտություն ունեցող հիվանդներին Հայաստանի բուժհաստատություններ տեղափոխելը առանց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդության և ուղեկցության դարձել է անհնար։ Նշվածն ապացուցում է, որ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին լիակատար փակ է Արցախում ապրող խաղաղ բնակիչների ազատ տեղաշարժի համար։ Ի լրումն նախորդ օրերին տեղի ունեցած նմանատիպ սադրանքների՝ հունվարի 9-ից սոցցանցերում տարածվում է Արցախի հանրային հեռուստատեսության պաշտոնական բլանկի նմանությամբ փաստաթուղթ՝ հեռուստատեսության տարհանման մասին տեքստով: Արցախի հանրային հեռուստատեսությունը հաստատել է, որ այն կեղծիք է՝ ավելի վաղ ԱՀ այլ գերատեսչությունների եւ կազմակերպությունների անունից տարածած կեղծ փաստաթղթերի օրինակով: Ինչ է դա նշանակում: Ադրբեջանական հատուկ ծառայությունները, օգտվելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամից, սադրիչ բնույթի ապատեղեկատվություն են տարածում սոցիալական ցանցերի արցախյան օգտատերերի շրջանում, ինչը հետապնդում է խուճապային տրամադրություններ ստեղծելու և խաղաղ բնակչությանն ահաբեկելու նենգ նպատակ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 10-ին ԱՀ նախագահին կից Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել ԱՀ ԱԽ նոր քարտուղար Արարատ Մելքումյանին: Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն Արցախի ներդրումային հիմնադրամի և Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի աշխատակազմերին է ներկայացրել հիմնադրամների նորանշանակ տնօրեններին: Ներկայացնելով Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Վալերի Ղազարյանին, պետնախարարը ընդգծել է գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական նշանակությունը պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից: Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը շուտով կքննարկվի նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում: |

«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
10101:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
14901:06
«Դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքի ընթացքում, մահացածները մեր աշխատակիցները չեն»․ «Դեֆանս Հաուզինգ»
11900:12
«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ
114Երեկ, 23:54
«Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ-սալամաթ բանտից դուրս կգա». Արգիշտի Կիվիրյան
154Երեկ, 23:48
Հովհաննես Աբրահամյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում
96Երեկ, 23:00
