Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Գուտերեշը կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը

1187
Երեքշաբթի, 10 հունվարի, 2023 թ., 10:30
Գուտերեշը կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վերահաստատում է իր կոչը՝ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը։ Այս մասին «Արմենպրես»-ին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը ներկա իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնել է 2022 թվականի դեկտեմբերի 14-ի իր հայտարարության մեջ։ Այս մտահոգությունները Քարտուղարության կողմից բարձրաձայնվել են նաև 2022 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի հայցով հրավիրված Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ընթացքում։ Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր կոչերը՝ դեէսկալացիայի ենթարկել լարվածությունը և ապահովել միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների, նա իր աջակցությունն է հայտնում միջնորդական ջանքերին»,- նշել է Դյուժարիկը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արդեն չորս շաբաթ փակ պահելու փաստին, ինչի հետևանքով իրական հումանիտար ճգնաժամ է սկսվել Արցախում, որտեղ շուրջ 120 հազար բնակիչներ հայտնվել են շրջափակման մեջ։

«ՄԱԿ-ի ներկայացուցչությունները Հայաստանում և Ադրբեջանում շարունակում են տեղում բաց պահել կապն իշխանությունների և միջազգային կազմակերպությունների հետ ու պատրաստ են արձագանքել, եթե լինի դիմում և թույլ տան պայմանները»,- հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը։