Երևան`   +2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 փետրվարի, 2023 թ.

«Վտանգը միշտ էլ կա ամբողջ Արցախում, բայց ունենք այն, ինչ ունենք». Լիսագորի գյուղապետ

477
Շաբաթ, 03 դեկտեմբերի, 2022 թ., 19:42
«Վտանգը միշտ էլ կա ամբողջ Արցախում, բայց ունենք այն, ինչ ունենք». Լիսագորի գյուղապետ

Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Լիսագոր գյուղը, ի տարբերություն Արցախի մյուս գյուղերի, թշնամու սադրանքների թիրախում հաճախ չի հայտնվում, սակայն մյուս գյուղերի նման՝ թշնամուց ամեն ինչի սպասում է։

168.am-ի հետ զրույցում Լիսագոր գյուղի ղեկավար Գագիկ Նասիբյանը նախ ասաց, որ այսօր կեսօրին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում ադրբեջանցիների կողմից ավտոճանապարհի փակումը խոչընդոտներ է ստեղծել ոչ միայն Լիսագորի, այլև ողջ արցախահայության համար։

«Ես էլ եմ այդ ճանապարհին եղել, եկան փակեցին, հետո բանակցություններից հետո բացվեց։ Ձմռան պայմաններում մարդկանց համար դժվար է, բայց այս պահին ճանապարհը բաց է, և մեքենաները երթևեկում են։

Լիսագորում բնակիչները նորմալ ապրում են, այս ընթացքում գյուղում արտառոց դեպքեր դեռևս չեն գրանցվել՝ նկատի ունեմ թշնամու կողմից իրականացվող սադրանքները։ Ճիշտ է, վտանգը միշտ էլ կա՝ ոչ միայն Լիսագորում, այլև՝ ամբողջ Արցախում, բայց ունենք այն, ինչ ունենք»,- նշեց Գագիկ Նասիբյանը։

Հարցին՝ Արցախի տարբեր գյուղերում թշնամին կրակում է դաշտում աշխատող խաղաղ բնակչության վրա, այս առումով ինչպե՞ս է իրավիճակը Լիսագորում, Գագիկ Նասիբյանը փոխանցեց՝ գյուղում նման դեպքեր չեն գրանցվել։

Նա դժվարացավ ասել, թե ինչպես պետք է լուծում ստանա իրավիճակը, նշելով, որ սա բարձր մակարդակի հարց է։

Առավել մանրամասն՝ սկզնաղբյուրում: