Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Շոլցը ցանկանում է բարեփոխել ԵՄ-ն և վերացնել միաձայնությունը

1525
Շաբաթ, 15 հոկտեմբերի, 2022 թ., 22:12
Շոլցը ցանկանում է բարեփոխել ԵՄ-ն և վերացնել միաձայնությունը

Եվրոմիությունը պետք է բարեփոխվի և աստիճանաբար վերացնի արտաքին և հարկային քաղաքականության, ինչպես նաև այլ ոլորտներում որոշումների կայացման հարցում միաձայնության սկզբունքը։ Այս առաջարկով հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Եվրոպական սոցիալիստների կուսակցության համագումարում, գրում են արտասահմանյան լրատվամիջոցները։

«Ես հստակ ասում եմ՝ եթե աշխարհաքաղաքական Եվրոպան մեր պահանջն է, ապա ձայների մեծամասնության սկզբունքի վրա հիմնված որոշումները հաղթանակ են, ոչ թե ինքնիշխանության կորուստ։ Մեկ Եվրոմիություն՝ բաղկացած 27, 30, 36 պետություններից, որում ավելի քան 500 միլիոնավոր ազատ և իրավահավասար քաղաքացիներ, կարող են ավելի մեծացնել իրենց կշիռն այս աշխարհում», - պնդում է Շոլցը:
Նրա կարծիքով, միաձայնության սկզբունքի մերժումը կօգնի եվրոպական փոքր պետություններին՝ լսելի լինել։ Բացի այդ, Օլաֆ Շոլցը հանդես է գալիս ավելի մեծ ինքնավարության, այդ թվում՝ Եվրոմիության ռազմական անկախության օգտին: Կանցլերը կոչ է արել համակարգված ձեռք բերել սպառազինություններ և սարքավորումներ, մինչև 2025 թվականը ստեղծել ԵՄ արագ արձագանքման ուժեր և եվրոպական զինված ուժերի համար ԵՄ իրական շտաբ:

Կանցլերը ԵՄ անդամներին կոչ է արել լուծել հակամարտությունները ֆինանսական և միգրացիոն քաղաքականության շուրջ։ Մասնավորապես, ըստ Շոլցի, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել անօրինական միգրացիան նվազեցնելու և միաժամանակ ապահովելու հմուտ աշխատողների հոսքը արտերկրից։